Խոսրովի արգելոցում դրա՞խտ են կառուցում

14:26 • 15.06.10
«Էկոլուր» հասարակական կազմակերպութեան անդամներն այցելել են Խոսրովի պետական արգելոցի տարածքում գտնւող «Գիլան» արգելավայր և արձանագրել, որ այդտեղ ընթացող շինարարութիւնը նոր թափ է ստացել։
Ինչպէս այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀԿ նախագահ Ինգա Զարաֆեանը, իրենք փորձել են հետաքրքրւել, թէ ինչ է կառուցւում տարածքում. «Մեզ ասացին՝ դրախտ ենք կառուցում, դրախտ»։
Ըստ բնապահպանի՝ արգելավայրը գտնւում է Խոսրովի արգելոցի կենտրոնում, հետևաբար շինարարական նիւթերն այդտեղ են տեղափոխւում արգելոցի միջով, ինչը խաթարում է էկոհամակարգը։ «Մենք Խոսրովի արգելոցում հազւագիւտ օձ նկատեցինք։ Շինարարութիւնը նրա ճանապարհի վրայ էր կառուցւում։ Պարոն Աղասեան, ձեր սիրտը չի՞ ցաւում այդ օձի համար»,- Զարաֆեանը հարցն ուղղեց ՀՀ բնապահպանութեան նախարարութեան կենսառեսուրսների կառավարման գործակալութեան բնութեան յատուկ պահպանւող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասեանին։
Ի պատասխան՝ պաշտօնեան նշեց, որ «Գիլանում» բնապահպանական ծրագրի համաձայն զբօսաշրջիկների համար իջևանատուն է կառուցւում։ Դա, ըստ բանախօսի, էկոտուրիզմի զարգացման բաղկացուցիչներից մէկն է։ «Գիլանն ունի կանոնադրութիւն, եթէ շինարարական աշխատանքները դրանից շեղւեն, մենք քայլեր կձեռնարկենք, ընդհուպ մինչև պայմանագրի լուծարում»,- հաւատացրեց նա։ Բանախօսը նաև նշեց, որ ոչ կառոյցը, ոչ էլ հողատարածքը կառուցապատողի սեփականութիւնը չեն համարւելու, շինարարութեան հեղինակն ընդամենը վարձակալական հիմունքներով է այդտեղ գործունեութիւն ծաւալելու։
Այն հարցին, թէ արդյո՞ք ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանն է նշւած շինարարութեան տէրը, Աղասեանը պատասխանեց. «Կայ պայմանագիր, կայ տնօրէնի անուն, իսկ թէ ով ում բարեկամն է, չգիտեմ»։
Աղասեանի խօսքով՝ դեռևս ԽՍՀՄ տարիներից Խոսրովի արգելոցի տարածքում շուրջ 20 տնային տնտեսութիւններ կան։ Այստեղ միշտ էլ եղել է արգելոցային ռեժիմը պահպանելու խնդիր։ Այդ տարածքի բնակիչները դիմել են երկրի ղեկավարութեանը, որպէսզի իրենց բնակատեղին առանձնացւի և դուրս բերւի արգելոցի սահմաններինց։ Հետևաբար ծագել է Խոսրովի արգելոցի սահմանների ճշգրտման հարցը։
Վայրի բնութեան համաշխարհային հիմնադրամի հայաստանեան գրասենեակի ղեկավար Կարէն Մանւէլեանը նոյնպս փաստեց, որ Խոսրովում արգելոցային ռեժիմը խախտւում է։ «Զբօսաշրջիկները գալիս և տեսնում են, որ տարածքում կովեր են արածում, մարդիկ ու աւտոմեքենաներ կան։ Հարց են տալիս՝ սա՞ է արգելոցը»,- նշեց նա՝ յաւելելով, որ պէտք է անյապաղ արգելոցի նոր քարտէզագրում կատարւի։
Յանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինէ Դանիէլեանն էլ ողջունելի համարեց, որ էկոտուրիզմի զարգացման ուղղութեամբ մեր երկրում քայլեր են ձեռնարկւում, սակայն նա թերահաւատութեամբ է վերաբերւում այս շինարարութեան բնապահպանական ուղղւածությեանը։ «Ցաւօք, մենք դեռ դրական փորձ չունենք, իւրաքանչիւր կանաչ տարածք բիզնեսի նպատակով է օգտագործւում։ Որտեղ շինարարը ոտք է դնում, կանաչ տարածքները մահանում են»,- ընդգծեց նա։
Դանիէլեանը նաև չմոռացաւ յիշեցնել, որ Խոսրովի պետական արգելոցում բարձրաստիճան պաշտօնեաները պարբերաբար որս են կատարում. «Կրակում են նաև ուղղաթիռից»։

Tert.am

0 Պատգամ: