Սերժ Սարգսեան.–
Համանախագահները մտածելու բան ունեն

«Սադրանքներն անընդունելի են, միշտ անընդունելի են, յատկապես այս տմարդի գործողութիւններն անընդունելի են, որովհետև դրանք տեղի ունեցան Ռուսաստանի նախագահի նախաձեռնութեամբ անցկացւած եռակողմ հանդիպումից ժամեր անց»

«Մենք հաստատակամ ենք և ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչմանը։ Դա է մեր նպատակը»
Մասունք Աստւածային, Քեզնով ենք Յաւերժանում...


16:09 • 19.06.10
Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսեանն արձագանքել է յունիսի 18–ի գիշերը կատարւած ադրբեջանական դիվերսիային։
«Երէկ ուշ երեկոյեան ինձ զանգահարել և զեկուցել են, որ Ադրբեջանի զինւած ուժերը գործողութիւններ են նախաձեռնել և փորձել են ներթափանցել ԼՂ պաշտպանութեան բանակի դիրքեր։ Բնականաբար, պաշտպանութեան բանակի հակազդեցութեան արդիւնքում ադրբեջանցիների մտադրութիւնները չեն իրականացւել, ձախողւել են։ Յանցագործութեան վայրում թողնելով զոհեր և կրելով կորուստներ՝ նրանք յետ են քաշւել իրենց դիրքերը։ Ցաւօք սրտի, կորուստներ ենք ունեցել նաև մենք։ Ես ցաւակցութիւն եմ յայտնում մեր չորս զոհւած զինւորների ընտանիքներին, հարազատներին։ Նրանց վիշտը հնարաւոր չէ ամոքել։ Սադրանքներն անընդունելի են, միշտ անընդունելի են, յատկապես այս տմարդի գործողութիւններն անընդունելի են, որովհետև դրանք տեղի ունեցան Ռուսաստանի նախագահի նախաձեռնութեամբ անցկացւած եռակողմ հանդիպումից ժամեր անց։ Այս փաստը ևս մէկ անգամ խօսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավւած երկրները մտածելու բան ունեն։ Եւ ռազմատենչ յայտարարութիւնները, սադրանքները, մնալով անպատիժ, չեմ ասում՝ անպատասխան, միշտ կարող են յանգեցնել այսպիսի կամ աւելի վատ հետևանքների։ Ես համարում եմ, որ սա անյարգալից վերաբերմունք է նաև համանախագահների նկատմամբ»,– ասել է նա։
Այն հարցին, թէ հնարաւո՞ր է արդեօք, որ այս միջադէպը ինչ-որ կերպ անդրադառնայ բանակցութիւնների վրայ, Սերժ Սարգսեանը պատասխանել է.
«Մենք վերաիմաստաւորելու կարիք չունենք, որովհետև մենք շատ գիտակցւած ենք գնում բանակցութիւններին և մեր նպատակը շատ յստակ է. մենք մեր նպատակից երբէք չենք շեղւել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողութիւնները՝ ինչ-որ բան վերանայւի»։
«Մենք հաստատակամ ենք և ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչմանը։ Դա է մեր նպատակը»,- յայտարարել է Հայաստանի նախագահը։

Tert.am

0 Պատգամ: