Պայմանաւորւել են շարունակել.
Նալբանդեանը մեկնաբանել է նախագահների հանդիպումը

23:56 • 17.06.10
Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերեալ լրագրողներին մեկնաբանութիւններ է տւել ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը:
«Գիտէք, որ Ռուսաստանը որպէս Մինսկի խմբի համանախագահող երկիր կարևոր դեր է խաղում Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացում: Նախագահ Մեդվեդևի նախաձեռնութեամբ և ներկայութեամբ արդէն վեցերորդ հանդիպումն է կայանում: Նախորդ հանդիպումներն անցկացւել են Սանկտ Պետերբուրգում, Մոսկւայում և Քիշնևում: Այսօրւայ հանդիպումը շարունակութիւնն է այն բանակցութիւնների, որոնք մինչև հիմա ընթացել են երեք նախագահների միջև: ՌԴ նախագահի նախաձեռնութեամբ և միջնորդութեամբ անցկացւող հանդիպումներին լիովին աջակցում են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները: Այսօր բանակցութիւնների ընթացքում գրանցւել է այն, ինչին հասել են կողմերը բանակցութիւնների ընթացքում: Այսօր պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել շարունակել բանակցութիւնները հէնց այս հիմքի վրայ: Նախագահները նախարարներին յանձնարարել են շարունակել շփումները: Ակտիւ շփումները կշարունակւեն նաև համանախագահների հետ»,- ասել է արտգործնախարարը;
Խօսելով մադրիդեան սկզբունքների մասին` արտգործնախարաը նշել է. «Նախորդ շրջանում, իհրակէ, կար մադրիդեան փաստաթուղթը, որը միակ պաշտօնական փաստաթուղթն էր: Մինչև հիմա բանակցութիւնները շարունակւում էին դրա հիման վրայ: Այսօր եղան տարբեր աշխատանքային առաջարկներ: Այսօր մենք գրանցել ենք այն, ինչին հասել ենք այսօր և պայմանաւորւել ենք շարունակել բանակցութիւնները դրա հիման վրայ»:
Tert.am-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից հաղորդում է, որ Նալբանդեանը տեղեկացրել է նաև, որ վաղը (ուրբաթ) կը կայանայ ՀՀ նախագահի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք ծրագրում են յուլիսի սկզբին այցելել տարածաշրջան:
«Գործընթացը շարունակւում է: Կարծում եմ, որ այսօրւայ հանդիպումը կառուցողական էր և կարևոր հանգրւան էր Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում»,- ասել է նա:

Tert.am

0 Պատգամ: