Գիւղում մէկ եկեղեցի և մէկ քահանայ` ամբողջ շրջանի համար


Ջաւախքի Սաթխա գիւղի բնակիչները հպարտանում են, որ իրենց գիւղում հայկական եկեղեցին գտնւում է բարեկարգ վիճակում, մինչդեռ վրացականը` «անտէրութեան մատնւած` փլատակների է վերածւելու»:
«Որտեղ Հայ` այնտեղ եկեղեցի» արտայայտութիւնը բնորոշ է նաև Ջաւախքին: Ինչպէս ամէն տեղ, այնպէս էլ Ջաւախքում, հայերն առանձնայատուկ դերակատարում ու կարևորութիւն են տալիս Հայ Առաքելական եկեղեցուն:
Այնուամենայնիւ, շուրջ 5500 բնակչութիւն ունեցող Սաթխա գիւղի համար կայ մէկ գործող եկեղեցի, սակայն քահանան էլ մէկն է` ամբողջ շրջանի համար: Գիւղի բնակիչները ստիպւած շրջանի քահանային այլ բնակավայրից կանչում են` ցանկացած ծէս կատարելու համար, իսկ եկեղեցական գլխաւոր տօների ժամանակ` քահանան ստիպւած է մէկ օրւայ ընթացքում մի քանի շրջանում տարբեր ժամերի պատարագ մատուցել:
Aysor-ի հետ զրոյցում Ջաւախքի Սաթխա գիւղի բնակչուհի տիկին Արուսեակը նշեց, որ, չնայած հոգևորականի պակասը լրացւում է, սակայն ինքը դէմ չէր լինի, որ գիւղի հոգևորականը լինէր հէնց գիւղից:
«Հաւանաբար մեր գիւղից ոչ մէկ չի ցանկացել ճեմարանում ուսում ստանայ, յետոյ գայ ու այստեղ քահանայութիւն անի, թէ չէ հէնց մեր գիւղից կլինէր մեր քահանան»,- քահանայի բացակայութեան հանգամանքը մեկնաբանեց տիկին Արուսեակը:
Աղանդաւորական խմբեր կան նաև Ջաւախքում: Տիկին Արուսեակը չի սրտնեղւում դրանից, քանի որ «ամէն մէկն իր պաշտամունքն ունի, և իրեն ոչինչ չի կարող ստիպել, որ ինքն իր հաւատը փոխի` աղանդաւոր դառնայ»:
Նշենք, որ Նինոծմինդա շրջանի, այդ թւում Սաթխա գիւղի հոգևոր սպասաւոր տէր Արմաշ քահանայ Պօղոսեանը, հրաժարւեց Aysor-ի հետ խօսել Ջաւախքում առկայ հոգևոր խնդիրներից, ինչպէս նաև այն խոչընդոտներից, որոնք առաջանում են Վրաստանում` մինչ օրս Հայ առաքելական եկեղեցու պետականօրէն գրանցւած չլինելու հանգամանքից ելնելով:
Յիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու` Վրաստանում պետականօրէն գրանցում ստանալու խնդիրը կարևորւում է ոչ միայն հոգևոր, այլև մշակութային ժառանգութեանը տէր կանգնելու տեսանկիւնից: Եզակի չեն այն դէպքերը, երբ Վրաստանում հայկական եկեղեցիները վերանորոգելու պատրւակով, դրանցում հայերէն մակագրութիւնները հիմնովին ոչնչացւում են, քանդւում է հայկական եկեղեցիներին բնորոշ բեմը և եկեղեցին վերջնականապէս վրացականացւում է, շատ դէպքերում էլ հիմնայատակ ոչնչացւումեն հայկական եկեղեցիներն ու դրանց շրջապատող ցանկացած հայկական տարր` սկսած խաչքարերից մինչև հայկական մակագրութիւններով գերեզմանաքարեր:

Լիլիթ Բունիաթեան
05.06.2010, 13:43
Aysor.am

0 Պատգամ: