Միջազգային կառոյցներից մինչև Քանաքեռ–Զէյթունի «ժէկ».
Դաշնակցական գործիչը` Ադրբեջանի մասին

«Հայաստանը պէտք է դէմ քւէարկի ՄԱԿ–ում Իրանի դէմ պատժամիջոցների կիրառման հարցին»

16:30 • 16.06.10
«Ադրբեջանը, ինչպէս երևի դուք նկատել էք, Ղարաբաղի հարցի քննարկումը փորձում է տանել ցանկացած միջազգային կազմակերպութիւն՝ սկսած ՄԱԿ–ից մինչև, ասենք, Քանաքեռ–Զէյթունի ժէկը, որովհետև նրանք հասկանում են, որ որքան մասնագիտանում են հարցի վրայ կազմակերպութիւնները, այդքան իրենց շահերը հետապնդելը դժւար է դառնում»,– այսօր հրաւիրւած ասուլիսին յայտարարեց ՀՅԴ–ական պատգամաւոր Վահան Յովհաննիսեանն՝ անդրադառնալով «Եւրանեստ» կազմակերպութեան ձևաւորման հարցին։
Ըստ նրա՝ իրենք յիշեալ կազմակերպութեանը պահանջ են ներկայացրել, որ եթէ որևէ երկիր ներկայացնում է իր համար կենսական նշանակութիւն ունեցող և իր շահերը շոշափող հարց, ապա այն պարզ քւէարկութեամբ չի կարող անցնել, այլ պահանջում է կոնսենսուս, այսինքն՝ բոլորի համաձայնութիւնը։
Վահան Յովհաննիսեանը լրագրողների խնդրանքով խօսեց միջազգային մի քանի իրադարձութիւնների մասին ևս։Այսպիսով, ըստ Վահան Յովհաննիսեանի, Հայաստանը պէտք է դէմ քւէարկի ՄԱԿ–ում Իրանի դէմ պատժամիջոցների կիրառման հարցին, ինչի համար, ըստ նրա, մեր երկիրը լուրջ պատճառ ունի։ «Սա իմ անձնական կարծիքն է, որ մենք միշտ ունենք արդարացում։ Մենք գտնւում ենք այդ երկրի սահմանների վրայ, և մենք չգիտենք՝ ինչ բնոյթ են կրելու սանկցիաները, և այդ սանկցիաները կարող են տնտեսական առումով նաև մեր շահերին վնաս տալ։ Եւ բոլորովին պարտադիր չէ, որ մենք կողմ լինենք»,- ասաց Վահան Յովհաննիսեանը՝ կրկնելով, որ սա իր անձնական տեսակէտն է։
Ինչ վերաբերում է թուրք–իսրայէլական լարւածութեանը, Վահան Յովհաննիսեանի համոզմամբ՝ դրանից Հայաստանը տեսականօրէն կարող է շահ ունենալ, բայց գործնականում՝ քիչ հաւանական է։ Ըստ ՀՅԴ–ական պատգամաւորի՝ թուրք–իսրայէլական հակասութիւններից Հայաստանի իրական շահն այն կլինի, որ Իսրայէլը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը ու Ադրբեջանին ցոյց տայ, թէ ինքն ինչպէս է իր տարածքի 20 տոկոսում ապրող պաղեստինցիներին տւել լայն ինքնավարութիւն։ Մինչդեռ, ըստ Յովհաննիսեանի, Իսրայէլը դժւար թէ այդքան հեռու գնայ։

Tert.am

0 Պատգամ: