Լույս է տեսել ՀՀ Սահմանադրութեան մեկնաբանութիւնների ժողովածուն

Այսօր Ազգային պատկերասրահում տեղի ունեցաւ ԵԱՀԿ երևանեան գրասենեակի և գերմանական GTZ կազմակերպութեան աջակցութեամբ լոյս տեսած «Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մեկնաբանութիւններ» ժողովածուի պաշտօնական շնորհանդէսը:
Միջոցառմանը ներկայ գտնւեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը, գլխաւոր դատախազ Աղւան Յովսէփեանը, կառավարութեան անդամներ, պատգամաւորներ և հիւրեր:
Գիրքը հրատարակւել է ՀՀ Սահմանադրութեան 15-ամեակին նւիրւած պետական միջոցառումների շրջանակներում: Մայր օրէնքի գիտագործնական մեկնաբանութիւնների ժողովածուն պատրաստւել է Հայաստանի իրաւագիտութեան ոլորտում, օրինաստեղծ գործունէութեան մէջ և իրաւակիրառական պրակտիկայում նշանակալի աւանդ ունեցող 68 մասնագէտների կողմից` շուրջ 1 տարւայ ընթացքում: Հրատարակման խմբագիրներն են իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը և իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, ԵՊՀ պետութեան և իրաւունքի տեսութեան ու պատմութեան ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշեանը:
Լրագրողների հետ զրոյցում ՍԴ նախագահ Գ. Յարութիւնեանը կարևորեց հրապարակումը` որպէս առաջին քայլ` օրէնքների մեկնաբանութեան և հասարակութեան համար դրանք աւելի մատչելի դարձնելու ճանապարհին: Նա նշեց, որ նման պրակտիկայ կայ նաև այլ երկրներում, մասնաւորապէս` Ռուսաստանում, որտեղ Մայր օրէնքի մեկնաբանութիւնների մի քանի ժողովածու կայ: «Անհրաժեշտութիւն է նաև, որ այս ժողովածուն պարբերաբար վերահրատարակւի: Թերևս նւազագոյն ժամկէտը 4-5 տարին է, որպէսզի այն թարմացւի և խթան հանդիսանայ ընդհանրապէս իրաւական զարգացումներին»,- ասաց նա և յաւելեց, որ գիրքը հասցէագրւած է բոլորին, առանց բացառութեան:
«Հրատարակւել է 2 հազարից աւելի օրինակ, որոնք ուղարկւելու են բոլոր կառոյցներին` սկսած համայնքապետից` մինչև հանրապետութեան նախագահ»,-յայտնեց նա և յաւելեց, որ ժողովածուն հրապարակւել է նաև ՍԴ պաշտօնական կայքում:

ԱՅՍՕՐ, 17:50
Aysor.am

0 Պատգամ: