Հիմքերի հիմքը լեզուն է


Օտարալեզու դպրոցների վերաբացման հետևանքներն աւելի կարևոր են, քան այն նախաձեռնելու պատճառները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում յայտնեց երգիչ, երգահան Վահան Արծրունին:
«Պատմական այս շրջանը անհասկանալի շրջան է, քանի որ խնդիրներ կան, որ ո’չ մենք, ո’չ իշխանութիւնները, ո’չ ընդդիմութիւնը և ո’չ մէկը չի կարող փոխել. սերունդ պէտք է փոխւի, կամ սերունդներ պէտք է փոխւեն, որպէսզի որոշ խնդիրների գիտակցումը հասունանայ և պետական մասշտաբների ծաւալ ընդունի»,- կարծում է երաժիշտը, ով օտարալեզու դպրոցների վերաբացման մասին հասարակութեան շրջանում անտարբերութեան դրսևորումները կապում է այն հանգամանքի հետ, որ «շատերի կարծիքով` երեխան իր արժէքային հասկացողութիւնները ստանում է դրսում` բակում, այլ ոչ թէ հայկական, ռուսական կամ անգլիական դպրոցում»:
Միևնոյն ժամանակ` Վ. Արծրունին ընդունելի չի համարում անտարբերութիւնը, քանի որ հարցը հիմնային խնդիր է:
«Ես հակւած եմ մտածելու, որ մենք, վերջ ի վերջոյ, ապրում ենք ազգային պետութեան շրջանակներում, որը որ հիմնւած է ազգային արժէքների ու ազգային հասկացողութիւնների հիման վրայ, որի հիմքերից հիմքը լեզուն է. սա ես չեմ յօրինել, այս մասին մի քանի հարիւր տարի առաջ առաջին բարեփոխումը, առաջին քայլը և առաջին յաջողւած փորձն արւել է Մեսրոպ Մաշտոցի օրօք»,- ընդգծեց երաժիշտը, ով համոզւած է. «Մենք իրաւունք չունենք յետ նահանջելու նոյնիսկ փոքր սեկտորով, փոքր հատւածում, որովհետև մեք ապրում ենք մեծ հասկացողութիւնների ներքոյ, մեծ հասկացողութիւնների շրջանակում և խնդիրներ կան, որ ո’չ մեր սերունդը, ո’չ էլ եկող սերունդը դեռ չի կարող լուծել, և հիմքերից խարխլել, հիմքերից սէպ մտցնել այդ հասկացողութիւնների մէջ, ես թոյլ չեմ կարող տալ, անտարբեր չեմ կարող անցնել»:
Վ. Արծրունու խօսքերով` բնական է, որ շատերն անտարբեր են, շատերն էլ չեն հասկանում, բայց կան մարդիկ, ովքեր «կարող են բացատրել, որ կարևոր բաներ ու կարևորագոյն խնդիրներ կան այս կեանքում, այլապէս, եթէ նոյն տարամաբանութեամբ շարունակենք, մի օր էլ պէտք է բազմակնութեան մասին օրէնք ընդունենք, իսկ վերջում նաև օրէնք` կրօնի փոփոխութեան մասին»:



21.06.2010, 20:58
Aysor.am

0 Պատգամ: