Օրաթերթերը Ֆրանսիայում էլ «մոդայիկ» չեն. Վաճառքի է հանւել Le Monde-ը

09:46 • 05.06.10
Ֆրանսիական Le Monde-ի խմբագրութիւնը մտադիր է հրաժարւել թերթի բաժնէտոմսերի վերահսկիչ փաթեթից՝ պարտքերը վճարելու համար: Լրագրողները պարբերականը ղեկավարում էին շուրջ 60 տարի, պատմութեան այս էջը, ամենայն հաւանականութեամբ, արդէն շրջւած է, գրում է The Wall Street Journal-ը:
Ըստ ֆրանսիական OJD աուդիտորական բիւրոյի տւեալների՝ պարբերականի տպաքանակն անցեալ տարի կրճատւել է 4,9%-ով: Բացի այդ՝ օրաթերթերը Ֆրանսիայում այնպիսի ժողովրդականութիւն չեն վայելում, ինչպէս, ասենք, Գերմանիայում կամ Մեծ Բրիտանիայում: Ֆրանսիացիները, փոխարէնը, շաբաթաթերթեր կամ ամսագրեր են նախնտրում։
Տպաքանակից և գովազդից ստացւող եկամուտների կրճատման պայմաններում Le Monde-ը միայն անցեալ տարի €25 մլն-ի վարկ է վերցրել: Արդիւնքում 2012-2014 թթ. ընթացքում թերթը ստիպւած է լինելու €69 միլիոն-ի պարտաւորութիւններ մարել։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատանքից ազատւել է պարբերականի մօտ 130 աշխատակից։
Թերթի հրատարակիչ Էրիկ Ֆոտորինոն յայտարարել է, թէ պարբերականի վերահսկիչ փաթեթի նոր սեփականատիրոջ անունը պարզ կդառնայ Յունիսի 14-ին: Հաւանական գնորդների շարքում իսպանական Prisa մեդիախումբն է, ֆրանսիական Le Nouvel Observateur հոլդինգը և շւէյցարական Ringer ընկերութիւնը: Այս մասին հաղորդում է «Կապիտալ» օրաթերթը։

Tert.am

0 Պատգամ: