Արցախի քաղաքական ուժերն արձագանքել
են Հաագայի որոշմանը
Ստեփանակերտում, ինչպէս աւելի վաղ նախատեսւած էր, հանրահաւաք չի կայացել: Փոխարէնը Արցախի խորհրդարանի երեք` «Ազատ հայրենիք» Հ. Յ. Դաշնակցութիւն և «Ժողովրդավարութիւն» խմբակցութիւնների ղեկավարները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որտեղ մասնաւորապէս ասւում է.
«1991-ի սեպտեմբերի 10-ին յենւելով միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների վրայ և խստօրէն պահպանելով ԽՍՀՄ օրենսդրութեան պահանաջները ԼՂ ժողովուրդը հանրաքւէով անկախութիւն հռչակեց: Անցած շուրջ երկու տասնամեակում ԼՂՀ-ն կասեցրել է Ադրբեջանի զինւած նախայարձակումը, հասել զինադադարի կնքման ու լիովին դրսևորւել որպէս ժողովրդավարական պետութիւն: Մեր պետութիւնը ձգտում է հռչակւած անկախութեան միջազգային ճանաչմանը:
Արդարադատութեան միջազգային դատարանը յուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց ու իրաւաբանօրէն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրաւունքն ու դրա իրականացումը չի խախտում միջազգային իրաւունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թւում` տարածքային ամբողջականութեան սկզբունք:
Մենք վերահաստատում ենք առկայ խնդիրները միջազգային իրաւունքի հիման վրայ խաղաղ բանակցութիւնների միջոցով կարգաւորելու Արցախի ժողովրդի պատրաստակամութիւնը: Գտնում ենք, որ միջազգային յարաբերութիւններում արձանագրւած նոր իրավիճակում ԼՂՀ բանակցային գործընթացի յաջողութեան համար պատրաստ է ստանձնել իր հեղինակութեանն արժանի պատասխանատւութիւն` յանուն տարածաշրջանի խաղաղութեան»:
Ինչպէս Aysor-ի թղթակիցն է փոխանցում Ստեփանակերտից, մեկնաբանելով Հաագայի որոշումը` Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչները ասուլիսում նկատել են, որ այս քայլով հիմք է դրւում ԼՂՀ ճանաչման միջազգային գործընթացին: Նրանք շեշտել են, որ Հաագայի դատարանը, փաստօրէն, գերակայ է համարել ազգերի ինքնորոշման իրաւունքը:
ԼՂՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նաև պատասխանել են լրագրողների հարցին, թէ ինչո՞ւ, այնուամենայնիւ, հանրահաւաք տեղի չունեցաւ: «Ազատ հայրենիք» խմբակցութիւնը ներկայացնող Արթուր Թովմասեանը պատասխանել է, որ հանրահաւաք չի կայացել ԼՂՀ քաղաքական ուժերի համատեղ որոշմամբ:
Իր հերթին Դաշնակցութիւն խմբակցութիւնը ներկայացնող Արմէն Սարգսեանն ասել է, որ քաղաքական կուսակցութիւնները գտնում են, որ այսօր պէտք չէ նման ցոյցերի գնալ և հարցը պէտք է տեղափոխել այլ հարթակներ, մասնաւորապէս, ըստ երեք խմբակցութիւնների, պէտք է սկսւի ԼՂ միջազգային ճանաչման աւելի ակտիւ գործընթաց:
Ինչպէս փոխանցում է Ստեփանակերտից Aysor-ի թղթակիցը, իրավիճակը խաղաղ է, փողոցներում կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր քննարկում են Հաագայի դատարանի որոշումը: Մեզ հետ զրոյցում նրանք յայտնեցին, որ այդ որոշումը իրենց յոյսեր է տալիս, որ մի օր էլ նման որոշում կկայացւի Ղարաբաղի անկախութեան ճանաչման վերաբերեալ:
23.07.2010, 20:30
Aysor.am

0 Պատգամ: