Պատարագը կլինի եկեղեցու՞մ, թէ՞ թանգարանում
«Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցին այն եզակի եկեղեցիներից է, որը հրաշքով ու պատահականութեամբ է փրկւել»,- յայտարարեց թուրքագէտ, ԵՊՀ արևելագիտութեան ֆակուլտետի փոխդեկան Ռուբէն Մելքոնեանը` անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Թուրքիայում գտնւող Ախթամարի Ս. Խաչ հայկական եկեղեցում պատարագ իրականացնելուն:
Ռ. Մելքոնեանը նախ յիշեցրեց, որ Թուրքիայի Հանրապետութիւնը տասնամաակներ շարունակ իրականացրել է մշակութային եղեռն, որի թիրախը եղել են հայկական պատմամշակութային յուշարձանները: Նա յայտնեց, որ եթէ 1914 թ-ի դրութեամբ կար 2000 հայկական եկեղեցի, վանք ու մենաստան, որոնք ենթարկւել են Պոլսահայոց պատրիարքութեանը, ապա այսօր դրանք ընդամէնը 42-ն են, որից 36-ը գտնւում է Ստամբուլում:
«Թուրքական իշխանութիւններն ուղղակի քանդել են հայկական եկեղեցիները` առաջին դէպքում` դրանք դարձնելով բանակի զօրավարժութիւնների թիրախ, երկրորդ դէպքում` մատնելով ամենաթողութեան, ինչի հետևանքով հայկական եկեղեցիներն իրենք իրենց քանդւել են, և երրորդը, որն ամենասարսափելին է, հայկական եկեղեցիները` որպէս սեփականութիւն, յանձնւել են բնակիչներին, որոնք էլ իրենց կամքով տնօրինում են դրանց ճակատագիրը»,- նշեց Ռ. Մելքոնեանը:
Ինչ վերաբերում է վերջին տարիներին Ախթամարի սուրբ Խաչ եկեղեցու վերականգմանը, ապա այն դարձաւ թուրքական շահարկումների և քարոզչամեքենայի կարևոր զէնքերից մէկը: Արդիւնքում` վերականգնւած եկեղեցու գմբէթին չթոյլատրւեց խաչ տեղադրել, անցկացնել պատարագներ, քանի որ այն Թուրքիայի իշխանութիւնների կողմից ճանաչւեց որպէս թանգարանի, իսկ «թանգարանում խաչ չի տեղադրւում»:
«Այսօր ևս իրաւական կարգավիճակը մնում է անորոշ, այն խօսակցութիւնները, թէ եկեղեցում պէտք է տեղադրւի խաչ, պաշտօնական մակարդակով չեն հաստատւել, ու հարց է առաջանում. եթէ այդ կառոյցը մնալու է թանգարան, ինչպէ՞ս է տեղադրւելու խաչ, իսկ եթէ տեղադրւելու է, արդեօք դրա կարգավիճակը փոխւելո՞ւ է, և այն դառնալո՞ւ է եկեղեցի, և յաջորդ հարցը, եթէ դարձաւ եկեղեցի, արդեօք այն փոխանցւելո՞ւ է Պոլսոյ Հայոց պատրիարքութեանը»,- հարցրեց Ռ. Մելքոնեանն ու ընդգծեց. «Մենք գնում ենք պատարագի` թանգարանու՞մ, թէ՞ եկեղեցում. կարևոր հարցը դեռևս պատասխան չունի»:
ԱՅՍՕՐ, 19:20
Aysor.am

0 Պատգամ: