Մեկնարկեցին ՀՀ և ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցութիւնները

Երևանում այսօր մեկնարկեցին Հայաստանի Հանրապետութեան և Եւրոպական Միութեան միջև ասոցացման համաձայնագրի շուրջ առաջին լիագումար հանդիպումները: Ինչպէս ասուլիսի ժամանակ լրագրողներին յայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինէ Ղազինեանը, ասոցացման համաձայնագրում արտացոլւելու են կողմերի միջև գոյութիւն ունեցող ամուր կապերը և արտաքին քաղաքականութեան, անվտանգութեան պահպանման, ժողովրդավարութեան, տնտեսական ինտեգրման, տեղաշարժի, մարդու իրաւունքների, էներգետիկայի բնագաւառներում փոխադարձ սերտ համագործակցութեան ուղենիշները:
«Այս համաձայնագիրը նպատակ է ունենալու հզօրացնել նաև Եւրամիութեան հետ քաղաքական ասոցացումը և խթանելու տնտեսական ինտեգրումը` ԵՄ օրէնսդրութեան և չափանիշների հետ ստանդարտիզացիայի և երկուստէք շուկաներ ապահովելու նպատակով»,- ասաց Կ.Ղազինեանը, յիշեցնելով, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցութիւնների նպատակով ՀՀ նախագահի հրամանով ձևաւորւել են յատուկ թիմ և երեք աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքները համակարգելու է ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը:
«Բանակցութիւնները տեղի են ունենալու լիագումար նիստերի և աշխատանքային խմբերի ձևաչափով»,- ասաց փոխնախարարը` յաւելով, որ բանակցային գործընթացը, ըստ երեք աշխատանքային խմբերի` ներառելու է հիմնականում երեք ոլորտներ` քաղաքական, արդարադատութեան և տնտեսական: Նա նաև յայտնեց, որ բանակցութիւնների երկրորդ փուլը տեղի կունենայ Բրիւսելում:
Իր հերթին Եւրոպական Յանձնաժողովի արտաքին յարաբերութիւնների գլխաւոր տնօրինութեան Արևելեան Եւրոպայի, Հարաւային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրէն Գունար Վիգանդը լրագրողներին նշեց, որ բնակցութիւնների մեկնարկը վճռորոշ քայլ է դէպի Հայաստան-Եւրամիութիւն աւելի սերտ յարաբերութիւնները:
«Այսօր շարժւում ենք դէպի Եւրամիութեան և Հայաստանի միջև քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում: Սա պատմական նշանակութիւն ունեցող քայլ է, որը փոխարինելու է մեր նախկին պայմանագրային յարաբերութիւնները` Հիմնական շրջանակային համաձայնագիրը, որն ունեցել ենք 90-ական թւականներից: Մենք կունենանք ժամանակակից, նոր և համապարփակ շրջանակ, որը հնարաւորութիւն կընձեռի իրականացնել մեր համագործակցութիւնը նշւած ոլորտներում»,- ասաց եւրոպացի պաշտընեան, նշելով, որ ԵՄ ռազմավարական հետաքրքրութիւնն է Հարաւային Կովկասում անվտանգութեան, բարեկեցութեան և ժողովրդավարութեան ամրապնդումը: Նա նկատեց, որ տւեալ ուղղութիւնները ներառւած են ԵՄ «Արևելեան գործընկերութեան ծրագրի» շրջանակներում:
Գունար Վիգանդը նաև գոհունակութիւն յայտնեց ներքին գործերի և արդարադատութեան բնագաւառներում տեղի ունեցած քննարկումներից:
«Յարաբերութիւնները Հայաստանի հետ արագընթաց են զարգանում»,- ասաց նա:
ԱՅՍՕՐ, 14:21
Aysor.am

0 Պատգամ: