Անկարան պատրւակ է փնտրում Հայաստանի հետ սահմանը բացելու համար
17:06 • 17.07.10
Թուրքիան պատրւակ է փնտրում Հայաստանի հետ սահմանը բացելու համար, իսկ տւեալ դէպքում այդ պատրւակը ՆԱՏՕ-ի` սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացւելիք զօրավարժանքներն են: Այս մասին գրում է թուրքական Yeni Çağ («Ենի Չաղ») պարբերականը` քննադատելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուի որդեգրած քաղաքական ուղեգիծը և այն որակելով որպէս «ձախողւած արտաքին քաղաքականութիւն»:
«Արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն Հայաստանի, Իսրայէլի և Իրանի առնչութեամբ սկզբում յայտարարում էր, թէ «սկզբունքներ ունենք», սակայն շատ չանցած մէկը միւսի ետևից իջեցրեց առագաստները: Հայաստանի հետ ստորագրւած Արձանագրութիւնները կեանքի կոչելու համար որպէս նախապայման առաջ էր քաշում Ղարաբաղեան հիմնախնդիրը, իսկ այն բանից յետոյ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնից ստացաւ «Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է» մէսիջը, սկսեց ակտիւ աշխատանքներ իրականացնել Հայաստանի հետ սահմանը բացելու ուղղութեամբ: Եւ այսօր Կարսի սահմանը բացելու համար պատրւակ է բերում ՆԱՏՕ-ի զօրավարժութիւնը»,- գրում է թուրքական պարբերականը` աւելացնելով, որ Թուրքիան յետքայլ է արել նաև Իսրայէլի և Իրանի հարցերում:
«Իրանի հետ միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ակտիւ միջնորդական առաքելութիւն ստանձնած Դաւութօղլուն լիովին աջակցում էր Թեհրանին և դէմ հանդէս եկաւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում Իրանի դէմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի ընդունմանը: Սակայն օրեր առաջ Միացեալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռախօսազրոյցում Դաւութօղլուն ստացաւ «խաղից դուրս արի» մէսիջը: Իսկ աւելի ուշ Radikal օրաթերթի հետ զրոյցում յայտարարեց, որ Թուրքիան հետևելու է ՄԱԿ-ի` Իրանի դէմ ընդունւած պատժամիջոցներին»,- գրում է Yeni Çağ-ը:
«Իսկ ինչ վերաբերում է Իսրայէլի կողմից «Մաւի Մարմարա» նաւի վրայ իրականացւած յարձակմանը, որի հետևանքով զոհւել էր 9 թուրք, Դաւութօղլուն նախ հանդէս եկաւ կոշտ քննադատութեամբ` յայտարարելով, որ եթէ Թել Աւիվը ներողութիւն չխնդրի, ապա նրա հետ յարաբերութիւնները խզւելու են: Իսկ աւելի ուշ Դաւութօղլուն գաղտնի հանդիպում ունեցաւ Իսրայէլի արդիւնաբերութեան, առևտրի և զբաղւածութեան նախարար Բենիամին Բէն Էլիզերի հետ»։
Tert.am

0 Պատգամ: