Մշակութային ժառանգութիւն. տատերի՞ց,
թէ՞... պեղումներից
Հայաստանում ազատ ու բացայայտ կերպով վաճառւում են պատմամշակութային արժէք ու նշանակութիւն ունեցող իրեր, այդ թւում` կաւէ կարասներ, սափորներ ու ափսեներ, որոնք ձեռք բերելն ամենևին էլ դժւարութիւն չի ներկայացնում իրենից` և հասանելի են, և` մատչելի։

Սա գովազդ չէ։ Հակառակը` մտահոգութիւն։
Այսպէս, վերջերս Aysor-ն ահազանգ ստացաւ, որ Ստեփանաւանի մօտակայքում վաճառում են կաւէ առարկաներ, որոնք մասնագէտները թւագրում են Ք.Ծ.Ա. 1000-700 թթ-ներ: Այս մասին, սակայն, ՀՀ մշակոյթի նախարարութիւնը ամենևին էլ տեղեակ չէ: Աւելին` նախարարութեան մամուլի վարչութեան պետ Գայեանէ Դուրգարեանը նոյնիսկ վրդոււեց, որ իրենց ոչ հաւաստի տեղեկատւութիւն ենք ներկայացնում, քանի որ «այս պահին Ստեփանաւանում պեղումներ չեն իրականացւում»:
«Ստեփանաւանի մօտակայքում պեղումներ այս պահին իրականացւում են միայն Թեղուտի շրջանում: Սակայն պեղումներ իրականացնող ընկերութիւնն է պատասխանատու պեղումների արդիւնքում գտնւած իրերի անվտանգութեան համար և հէնց այդ ընկերութիւնն էլ ապահովում է, որպէսզի պեղումների վայրից ոչինչ չկորչի, չանհետանայ»,- բացատրեց Գ. Դուրգարեանը, ում համար անհասկանալի էր, թէ ինչպէ՞ս հնարաւոր է պեղումներ իրականացւող վայրից պատմամշակութային արժէք ներկայացնող առարկաները յայտնւեն սովորական քաղաքացիների մօտ, անկախ նրանից, թէ որտեղ են պեղումներն իրականացւում:
Պեղումների ժամանակ գտնւած իրերի ազատ վաճառքի փաստի առթիւ, մեր անհանգստութեանն ի պատասխան, մշակոյթի նախարարութեան մամուլի վարչութեան պետը հակադարձեց. «Իսկ միգուցէ նա այդպիսի առարկայ իր տա՞նն ունէր, ես ի՞նչ իմանամ, թէ որտեղի՞ց է, որ վաճառում է. հօ՞ մենք այդպիսի վերահսկողութիւն չենք իրականացնում»:
Թէ Հայաստանում ո՞ր ընկերութիւններն ու կազմակերպութիւններն են պեղումներ իրականացնում և Հայաստանի ո՞ր շրջաններում ու վայրերում են այս պահին տեղի ընթանում պեղումներ, ՀՀ մշակոյթի նախարարութիւնից խոստացան առաջիկայում պատասխանել, քանի որ համապատասխան ոլորտին նւիրւած հաշւետւութիւնը ոչ միայն անյայտացել էր նախարարութեան պաշտօնական կայքից, այլև` այն պատրաստողների մօտից: Գտնելուն պէս խոստացան յայտնել։
Մէկ շաբաթ է անցել։
Այս առիթով Aysor-ը զրուցեց նաև Հայաստանի պատմութեան թանգարանի տնօրէն Անելկա Գրիգորեանի հետ, ով նշեց, որ նմանօրինակ դէպքերի ականատես իրենք էլ են դառնում, սակայն որևէ իրաւասություն չունեն պատմական ու մշակութային արժէք ներկայացնող իրը վաճառողից բռնագանձել կամ ասել` ինչու՞ ես վաճառում, որտեղի՞ց ես ձեռք բերել և այլն:
«Ըստ իս` թէկուզ բարոյական առումով, այդ մարդն իրաւունք չունի վաճառելու, և իմ անձնական իմացութեան համաձայն` ամէն մի մարզում կան տեղական յուշարձանների պահպանութեան վերահսկողութեան բաժիններ և, ըստ էութեան, իրենք պէտք է հետևեն և թոյլ չտան նման դրսևորումներ»,- նշեց Ա. Գրիգորեանն ու յաւելեց, որ միւս կողմից անհնար է վերահսկում իրականացնելը, որովհետև շատերը յարմար առիթ են գտնում իրենց ձեռք բերածը իւրացնելու համար:
Թանգարանի տնօրէնը, կիսելով մեր մտահոգութիւնը, յայտնեց, որ թանգարանի աշխատակիցները յաճախ լինում են «Վերնիսաժում» և, արժէքաւոր իրեր տեսնելիս` գնում են դրանք թանգարանի համար:
«Շատ յաճախ հնագոյն առարկաներ տիրապետողներն ասում են, որ տւեալ առարկան իրենց է պատկանում, որ այն ժառանգութիւն է տատիկի կողմից, սակայն… յայտնի է, թէ ինչպէս է այն ձեռք բերւել»,- նկատեց Ա. Գրիգորեանն ու յաւելեց, որ ոչ մէկին մեղադրել չի լինի, քանի որ «այսօրւայ պայմաններից ելնելով` մարդիկ իրենց ունեցածն են վաճառում, էլ ուր մնաց` ձեռքն ընկածը չվաճառեն»:
Թանգարանի տնօրէնի կարծիքով` չպէտք է վախեցնել այդ մարդկանց, որովհետև ինքն ուրիշ եղանակ կգտնի դրանք իրացնելու` այնպէս, որ ոչ ոք էլ չի տեսնի: Նա ներկայացրեց թանգարանի օրինակը` «մենք գերադասում ենք յօրդորել, որպէսզի գտնողը բերի` գնենք, որովհետև կան իրեր, որոնք անհրաժեշտ է ունենալ»:
Տեղեկութնւն. «Պատմութեան և մշակոյթի անշարժ յուշարձանների ու պատմական միջավայրի պահպանութեան և օգտագործման մասին» ՀՀ օրէնքի «Հնագիտական պեղումներ ձեռնարկողը» խորագրով 27-րդ յօդւածն ասում է. «Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկողն աշխատանքների համալիր ծրագրի ամբողջական իրագործման ֆինանսաւորողը և կազմակերպողն է:
Նա սահմանւած կարգով պատասխանատու է աշխատանքների ընթացքում յուշարձանների անվթարութեան ապահովման և պեղումներով յայտնաբերւած յուշարձանների ամրակայման, գիտական վաւերագրման և նիւթերի ու արդիւնքների հրապարակման համար: Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող կարող են լինել Հայաստանի Հանրապետութեան և այլ պետութիւնների իրաւաբանական ու ֆիզիկական անձինք …»:
«Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը» խորագիրը կրող 28-րդ յօդւածն էլ ասում է. «Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը տւեալ յուշարձանը պեղելու համար թոյլտւութիւն (բաց թերթիկ) ունեցող մասնագէտն է:
Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը պատասխանատու է ինչպէս աշխատանքների արդիւնաւէտութեան, այնպէս էլ ամբողջ գործաշրջանի ընթացքում յուշարձանի պահպանութիւնը և անվթարութիւնն ապահովելու համար»:
Նշենք նաև, որ ՀՀ Պատմութեան թանգարանի տնօրէնը շեշտեց` նոյն օրէնքի համաձայն` պեղումների արդիւնքում յայտնաբերւած իրերը պեղումների իրականացնողները, համապատասխան ուսումնասիրութիւն, տպագրում կատարելուց յետոյ, 2 տարւայ ընթացքում պարտաւոր են յանձնել թանգարանին:
ԱՅՍՕՐ, 13:08
Aysor.am

0 Պատգամ: