Ալիևի շնորհիւ Ալմաթիում յօգուտ Հայաստանի
յայտարարութիւն արւեց
14:47 • 19.07.10
Ալմաթիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների յայտարարութիւնը վկայում է, որ Ղարաբաղի խնդիրը գտնւում է հզօր երկրների ուշադրութեան կենտրոնում։ Այս կարծիքին է քաղաքագէտ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցութեան վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորեանը։Ըստ նրա, դիւանագիտօրէն կազմւած այդ փաստաթղթի իմաստն այն է, որ ամբողջ պատասխանատւութիւնը Ղարաբաղի հարցում, ի վերջոյ, ընկնում է Հայ և ադրբեջանցի առաջնորդների վրայ։
«Ի վերջոյ, այդ երկրները պէտք է լուծում տան այդ հարցին։ Եթէ դիւանագիտական լեզւից նորմալ լեզւի թարգմանեմ, այնտեղ ասւած է՝ թող ոչ ոք չմտածի, որ համանախագահող երկրները արհեստականօրէն կսկսեն արագացնել ԼՂ խնդրի լուծումը, ու թող ոչ ոք չսպասի, որ այդ երկրները պէտք է կողմերից մէկի վրայ ճնշում գործադրեն»։
Ալմաթիի յայտարարութեան երկրորդ կարևոր տարրը, ըստ քաղաքագէտի, այն է, որ յայտարարութեամբ ֆիքսւում է այն պահը, որ խնդիրը հնարաւոր չէ լուծել՝ լուծման տարրերից որևէ մէկն առանձնացնելով։
«Այստեղ հայերի համար մեծ դերակատարութիւն ունեցաւ Իլհամ Ալիևը։ Ես շնորհակալ եմ Իլհամ Ալիևին, ինքը չափն անցաւ։ Եթե ինքը ռազմատենչ մէկ յայտարարութիւն անէր, այս յայտարարութիւնն այս տեսքով չէր լինի, մի քիչ կտարբերւէր։ Բայց ինքն իրօք չափն անցաւ և մօտաւորապէս վերջին մէկ ամսւայ ընթացքում երեք թէ չորս ելոյթների ժամանակ բաւական կոշտ յայտարարութիւններ արեց, հէնց դրա պատճառով էլ համանախագահող երկրների արտգործնախարարները ստիպւած էին այս կէտը մտցնել, որ միայն խաղաղ ճանապարհով կարող է խնդիրը լուծւել»,– յայտարարեց Ստեփան Գրիգորեանը։
Վերլուծական կենտրոնի ղեկավարը նաև ասաց, որ այս յայտարարութեան մէջ նոր տարրեր կան, որոնցից մէկը հէնց այն է, որ «անթոյլատրելի է ամբողջ փաստաթղթից մէկ կամ երկու տարր հանելը։ Նման յայտարարութիւն, նման նախադասութիւն չկար համանախագահող երկրների նախագահների յայտարարութեան մէջ»։ Փորձագէտի համոզմամբ, դա ևս բաւական դրական կէտ է հայկական կողմի համար։ Գրիգորեանը միանշանակ կարծում է, որ որ Ալմաթիի յայտարարութիւնը յօգուտ Հայաստանի էր։
Քաղաքագէտը նշեց նաև, որ ԼՂ խնդրում այսօր կայ երկու նոր մարտահրաւէր, որոնց Հայաստանը պէտք է պատրաստ լինի։ Առաջին մարտահրաւէրը, ըստ նրա, այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատւական պատերազմն այսօր մղւում է ոչ թէ ԶԼՄ–ների, այլ պաշտօնական Բաքւի և Անկարայի պաշտօնեաների յայտարարութիւնների միջոցով, ինչին Հայաստանը պէտք է պատրաստ լինի ու պատասխանի բոլոր այդ յայտարարութիւններին։ Երկրորդ մարտահրաւէրը, կենտրոնի ղեկավարի խօսքով, Ադրբեջանի կողմից ԼՂ խնդրի էութեան մեծամասշտաբ խեղաթիւրումն է, որին ևս Հայաստանը պէտք է պատրաստ լինի։
Tert.am

0 Պատգամ: