Մոսկւայում մահացել է Արաքս Դաւթեանը
19:50 • 28.07.10
Հայ երաժշտարւեստը ծանր կորուստ կրեց: Յուլիսի 28-ին Մոսկւայում վախճանւեց անւանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դաւթեանը:
Ա. Դաւթեանը ծնւել է 1949 թւականի ապրիլի 22-ին զինւորական օդաչուի ընտանիքում:
1975թ. աւարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպէս մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստա–ռադիո–պետկոմի սիմֆոնիկ նւագախմբում:
Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով յաղթանակ տարաւ երաժշտարւեստի այնպիսի հեղինակաւոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացւող «Վիոտիի անւան մրցոյթը» (1986թ.), որից անմիջապէս յետոյ «Տրավիատայում» Վիոելետայի դերերգով հանդէս գալու հրաւէր ստացաւ Մեծ թատրոնից: Արաքս Դաւթեանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հարիւր քսանից աւելի հեղինակաւոր համերգային դահլիճներում. «Կարնեգի Հոլլ» (Նիւ Եորք), «Գավո» (Փարիզ), «Գեբաու» (Ամստերդամ), «Սենթըր Հոլլ» (Տոկիօ) և այլն, համագործակցել է հանրայայտ արտիստներ Ռիկարդօ Շաիի, Գենադի Ռոժդեստվենսկու, Պիտեր Կլաուս Ֆլորի, Ելենա Օբրազցովայի, Թամարա Սինյավսկայայի և այլոց հետ: Յատկապէս յիշարժան է Ջուզեպպէ Վերդիի «Ռեքվիէմի» (դասական երկացանկում համարւում է տեխնիկապէս ամենաբարդ կատարելի ստեղծագործութիւններից մէկը) փայլուն կատարումը Ամստերդամի «Գեբաու» դահլիճում` 1988թ.:
Նշանաւոր երգչուհին նաև հիանալի մանկավարժ էր: Նա վոկալ է դասաւանդել Կոմիտասի անւան պետական կոնսերվատորիայում (1997-ից` կոնսերվատորիայի պրոֆէսոր), նաև Մոսկւայում, ուր աշխատեց մինչև կեանքի վերջը:
Արաքս Դաւթեանը զբաղւում էր ակտիւ համերգային գործունէութեամբ, ունէր լայն երկացանկ, որի մէջ մշտական տեղ ունէին հայ, ռուս և արևմտա–եւրոպական կոմպոզիտորների ընտիր ստեղծագործութիւնները: Վլադիմիր Սպիվակովի գնահատմամբ` Ա.Դաւթեանը Մոցարտի ստեղծագործութիւնների մեծագոյն մեկնաբանն էր:
Արաքս Դաւթեանը նաև բացառիկ արտիստիզմի տէր անձնաւորութիւն էր, ինչի վկայութիւնն է ճանաչւած ռեժիսոր Ռուստամ Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնաւորած փայլուն կերպարը:
Մեծատաղանդ երգչուհու և վաստակաշատ մանկավարժի յիշատակը միշտ վառ կմնայ նրա արւեստի բազմահազար երկրպագուների և սաների սրտերում:
Մշակոյթի նախարարութիւնից յայտնում են, որ Արաքս Դաւթեանի դին Հայաստան տեղափոխելու և յուղարկաւորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծւել է պետական յանձնաժողով:

Tert.am

0 Պատգամ: