«Պէտք չէ տարւել անպատասխանատու ռազմատենչ
յայտարարութիւններով»
«Իրենց մարտունակութեամբ Ադրբեջանի զինւած ուժերը երբէք չեն կարողանայ գերազանցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան զինւած ուժերին: Յոյսով ենք` այդ փաստն ի վերջոյ կհամոզի հարևան պետութեան ղեկավարութեանը, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի»
ՀՀ ՊՆ տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը տեղեկացնում է, որ յուլիսի 20-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի «Ինտերֆաքս» գործակալութեանը տած հարցազրոյցն առաջացրել է ադրբեջանական լրատւամիջոցների վրդովմունքը:
«Պատճառը պարզ է. Ս. Օհանեանը խօսել է Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցութեան մասին, այսինք` այն ամէնի, ինչն այդքան անհանգստացնում է հարևան պետութեան իշխանութիւններին: Հարցազրոյցում նախարարը ներկայացրել է սպառազինութեան ձեռքբերման և ռազմարդիւնաբերութեան ոլորտի զարգացման այն առաւելութիւնները, որոնք, որպէս ՀԱՊԿ անդամ, ունի Հայաստանը:
Ս. Օհանեանը քննադատել է հարևան պետութեան վարած քաղաքականութիւնը, որն ուղղւած է տարածաշրջանում ռազմական հաւասարակշռութեան խախտմանը և սպառազինութիւնների մրցավազքին: Նշւել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականութիւնը իրական սպառնալիք է տարածաշրջանի կայունութեան ու խաղաղութեան համար:
Հարցազրոյցը կամայականօրէն մեկնաբանել է Ադրբեջանի պատերազմի նախարարութեան մամլոյ ծառայութեան ղեկավար Է. Սաբիրօղլուն` կրկին անգամ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական տարածքների «օկուպացման» մէջ և նշելով, թէ ԼՂ խնդրի խաղաղ կարգաւորումը ձգձգւում է Հայաստանի ղեկավարութեան «օկուպացիոն» քաղաքականութեան հետևանքով:
Հարկ ենք համարում յիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլոյ ծառայութեան ղեկավարին և հարևան պետութեան պաշտպանական գերատեսչութեան խոսափողը հանդիսացող լրատւամիջոցներին, որ ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը բազմիցս յայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգաւորման բանակցութիւններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քաջածանօթ է ԼՂ խնդրի կարգաւորման շուրջ միջազգային կառոյցների ընդունած բանաձևերին:
Ադրբեջանի ՊՆ մամլոյ ծառայութեան ղեկավար Է. Սաբիրօղլուին ևս մէկ անգամ խորհուրդ ենք տալիս չտարւել սեփական ցանկութիւններն իրականութեան տեղ ընդունելու գայթակղութեամբ և անպատասխանատու ռազմատենչ յայտարարութիւններով, պատերազմի սպառնալիքներով ու ապատեղեկատւութիւն տարածելով չսրել իրավիճակը:
Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտութեան կարգաւորմանն ու տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը, այլև Հայ-ադրբեջանական շփման գծում լարւածութեան պատճառ է դառնում:
Եթէ պարոն Սաբիրօղլուն նման քայլերով ցանկանում է ազդել հայկական կողմի վրայ և բարձրացնել սեփական զինւած ուժերի մարտական ոգին, ապա թող ուշադրութիւն դարձնի ՀՀ պաշտպանութեան նախարարի նոյն հարցազրոյցի այն մասի վրայ, որտեղ նշւում է, որ «իրենց մարտունակութեամբ Ադրբեջանի զինւած ուժերը երբէք չեն կարողանայ գերազանցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան զինւած ուժերին:
Յոյսով ենք` այդ փաստն ի վերջոյ կհամոզի հարևան պետութեան ղեկավարութեանը, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի»: Ադրբեջանի ՊՆ մամլոյ ծառայութեան ղեկավարին խորհուրդ ենք տալիս իր ջանքերն ու եռանդը ներդնել այս իրողութիւնը հասկանալու համար:
Աւելացնենք, որ իրականութեանը չի համապատասխանում նաև ադրբեջանական լրատւամիջոցների տարածած այն լուրը, թե ՀՀ պաշտպանութեան նախարարի հարցազրոյցի ամբողջական տեքստը հանւել է «Ինտերֆաքս» գործակալութեան կայքից: Ս. Օհանեանի հարցազրոյցը ի սկզբանէ տեղադրւած է եղել «Ինտերֆաքս-Ռազմական նորութիւնների գործակալութիւն» կայքում», -նշում են նախարարութեան լրատւական ծառայութիւնից:
ԱՅՍՕՐ, 13:01
Aysor.am

0 Պատգամ: