Յարութ Սասունեան.-
Թուրքիան իրաւունք չունի միջամտել
Հայոց Պատրիարքի ընտրութեանը
10:37 • 21.07.10
Ստորև ներկայացնում ենք «Կալիֆոռնիա կուրիէր» թերթի հրատարակիչ և խմբագիր Յարութ Սասունեանի յօդւածը Պոլսոյ Հայոց Պատրիարքի փոխանորդի ընտրութեան վերաբերեալ։
«Չնայած Լոզանի պայմանագրով նախատեսւում է Թուրքիայում բնակւող ոչ մահմեդական փոքրամասնութիւնների` հայերի, յոյների և հրէաների իրաւունքների պաշտպանութիւն, այնուամենայնիւ, թուրքական կառավարութիւնը մշտապէս ոտնահարում է այդ իրաւունքները։
Թուրքիայի հայերը, վախենալով իրենց կառավարութեան զայրոյթից, հազւադէպ են համարձակւում արտայայտւել իրենց քաղաքացիական իրաւունքների յաճախակի ոտնահարումների դէմ: Էլ աւելի վատ է, երբ Ստամբուլի հայերն իրենք են թուրք պաշտօնեաներին երբեմն հրաւիրում միջամտելու իրենց համայնքի գործերին` ներքին և անձնական վէճերը լուծելու համար:
Նման կոպիտ միջամտութեան թարմ օրինակ էր արքեպիսկոպոս Արամ Աթեշեանի՝ որպէս պատրիարքական փոխանորդի ընտրութիւնը այն բանից յետոյ, երբ բժիշկները ախտորոշեցին, որ Պոլսոյ ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆեանը տառապում է անբուժելի մտագարութեամբ:
Վեց ամիս առաջ, երկու տարի ուշացումով, որի ընթացքում պատրիարք Մութաֆեանի անկարողութեան պատճառով, փաստօրէն պատրիարքի աթոռը թափուր էր մնացել, Պոլսոյ պատրիարքարանի Կրօնական ժողովը դիմեց թուրքական կառավարութեանը` թոյլտւութիւն խնդրելով աթոռակից պատրիարքի ընտրութիւն անցկացնելու համար: Կրօնական ժողովը նշանակեց պատրիարքական ընտրութեան նախաձեռնող մի մարմին՝ Անկարայից թոյլտւութիւն ստանալուց յետոյ նման ընտրութիւն կազմակերպելու համար:
Իրավիճակն էլ աւելի խճճւեց, երբ ընտրութեան նախաձեռնող մարմինը, գերազանցելով իր լիազօրութիւնները, ինքնուրոյն նամակ յղեց թուրքական իշխանութիւններին` նոր պատրիարք, այլ ոչ թէ աթոռակից պատրիարք ընտրելու թոյլտւութեան խնդրանքով:
Այս երկու նախաձեռնութիւններն էլ միևնոյն լուրջ սխալը գործեցին՝ հրաւիրելով թուրքական կառավարութեանը միջամտել Հայ համայնքի ներքին կրօնական հարցերին: Աւելին, աթոռակից պատրիարք ունենալը հակասում էր պատրիարքարանի գրեթէ 600-ամեայ աւանդութեանն ու սովորութեանը` ի տարբերութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կիլիկիոյ Կաթողիկոսարանի և Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի:
Նաև, նոր պատրիարք ընտրելու խնդրանքը ճիշտ չէր. գործող պատրիարքի կենդանութեան օրօք նոր պատրիարք չի կարող ընտրւել, քանի որ պատրիարքներն ընտրւում են ցմահ:
Օգտւելով Հայ համայնքի ներսում առկայ տարաձայնութիւններից՝ թուրքական կառավարութիւնը վերջապէս Յունիսի 29-ին պատասխանեց դիմումին` թոյլատրելով փոխանորդի, այլ ոչ թէ աթոռակից պատրիարքի կամ նոր պատրիարքի ընտրութիւն: Իրենց այս քայլով թուրքական իշխանութիւնները ոտնահարեցին Հայ համայնքի կրօնական իրաւունքները, և դժբախտաբար դա արեցին հէնց Հայ համայնքի խնդրանքով:
Թոյլատրելով, որ պատրիարքարանը ներկայացւի փոխանորդի մակարդակով, թուրքական կառավարութիւնը թոյլացրեց այդ պատմական հաստատութեան կարգավիճակը, քանի որ պատրիարք Մութաֆեանը տառապելով մտաւոր, այլ ոչ թէ ֆիզիկական անկարողութեամբ, կարող է դեռ երկար տարիներ ապրել, իսկ այդ ընթացքում պատրիարքարանը կառաջնորդւի միայն փոխանորդի կողմից:
Այսպիսի պատահականութիւնը ծառայելու է Թուրքիայի շահերին, որը մշտապէս ձգտել է ձուլել հայերին բիւրոկրատական արգելքներով` զրկելով նրանց կամքի ազատ արտայայտութեամբ ընտրւած և ունակ հոգևոր առաջնորդից:
Կառավարութեան հրամանագրից յետոյ, 48 ժամւայ ընթացքում, արքեպիսկոպոս Աթեշեանը, որը փաստացի ղեկավարում էր պատրիարքարանը` որպէս 26 անդամ ունեցող Կրօնական ժողովի նախագահ, ժողով հրաւիրեց և միաձայն ընտրւեց որպէս փոխանորդ: Որևէ այլ կղերականի հնարաւորութիւն չտրւեց առաջադրել իր թեկնածութիւնն այդ պաշտօնում:
Մինչ աշխարհասփիւռ հայութիւնը լուռ էր` բացառութեամբ Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչեանի, Ստամբուլի մի քանի խիզախ հայեր համարձակւեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ընտրութեան նախաձեռնող մարմինը, որը լուծարւեց թուրքական կառավարութեան կողմից, դատական հայց ներկայացրեց ընդդէմ Անկարայի որոշման` պահանջելով նոր պատրիարքի ընտրութիւններ, այլ ոչ թէ փոխանորդի:
Ի՞նչ պէտք է անել ստեղծւած իրավիճակում: Թուրքիայից դուրս գտնւող կրօնական և աշխարհիկ հայ ղեկավարները պէտք է բողոքի իրենց ձայնը բարձրացնեն Հայ եկեղեցու ներքին գործերին թուրքական իշխանութիւնների անհարկի միջամտութեան դէմ, որը Լոզանի պայմանագրի խախտում է:
Շատ կարևոր է, որ Թուրքիայի հայերը համախմբւեն ու յայտարարեն, որ փոխանորդի պաշտօնը ժամանակաւոր միջոցառում է, այլ ոչ թէ երկարաժամկէտ լուծում: Առանց Անկարայից թոյլտւութիւն հարցնելու, Հայ համայնքը պէտք է կազմակերպի աթոռակից պատրիարքի նոր ընտրութիւն, որն այնուհետև կդառնայ պատրիարք, ներկայիս անկարողութեամբ տառապող պատրիարք Մութաֆեանի վախճանումից յետոյ:
Արդեօ՞ք Հայ համայնքը կորոշի ընտրել նոր պատրիարք կամ աթոռակից պատրիարք, դա միայն իր գործն է և ոչ թէ թուրքական իշխանութիւնների: Կարևոր է, որ Ստամբուլի Հայ համայնքը համախմբւի մէկ ընդհանուր դիրքորոշման շուրջ և խուսափի յաւելեալ պառակտումից:
Եթէ տեղական Հայ համայնքը դառնայ միասնական և ստանայ աշխարհի հայութեան և ոչ հայերի աջակցութիւնը, ապա թուրքական կառավարութիւնը, որը պարծենում է իր աշխարհիկ ու ժողովրդավարական վարչակարգով, հարկադրաբար կզսպի իր քաղաքական միջամտութիւնը Հայ փոքրամասնութեան կրօնական գործերին»:
Tert.am

0 Պատգամ: