Պարոյր Հայրիկեան.–
Օտարալեզու դպրոցները ստեղծելու
են նոր դասակարգեր
«Նախագծին դէմ են Հանրային խորհուրդը, Գիտութիւնների ակադեմիան, գրողներն ու մտաւորականները, և հարց է ծագում, բայ ո՞վ է կողմ այս նախաձեռնութեանը»
«Չեմ հասկանում, թէ սա ինչ պոռնկամտութիւն է, մի՞թէ կարելի է նիւթականի համար հրաժարւել հոգևոր արժէքներից»
«Յիմարութիւն է, երբ 10-12-միլիոնանոց ազգը վեց հարիւր երեխայի համար փոխում է լեզւական քաղաքականութիւնը»
11:27 • 16.07.10
Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները բաց նամակ են գրել Հանրային խորհրդի անդամներին։ ««Լեզւի մասին» օրէնքի փոփոխութիւնների խնդիրը չափազանց կարևոր է և շօշափում է հանրապետութեան բոլոր քաղաքացիների շահերը, սակայն, մեր կարծիքով, այս օրէնքի քննարկումը պէտք է նոր թափ հաղորդի աւելի խոր բանավէճի` Հայաստանի ապագայի և համաշխարհային տիրոյթում նրա տեղի մասին»,- ասւած է նամակում:
Դիլիջանի դպրոցի հոգաբարձուների խորհուրդը նամակում ասում է նաև, որ հաշւի առնելով նախագծի դէմ հասարակութեան բացասական վերաբերմունքը` քննարկում է նախագծի կասեցման հնարաւորութիւնը։ Օտարալեզու դպրոցների վերաբացման դրական և բացասական հետևանքների մասին «Կապիտալը» զրուցել է «Ազգային ինքնորոշում միաւորում» կուսակցութեան նախագահ Պարոյր Հայրիկեանի հետ։
* Պրն Հայրիկեան, ինչպէ՞ս էք վերաբերւում օտարալեզու դպրոցների վերաբացման ծրագրին։
** Նախագծի նկատմամբ իմ արձագանքը եղել է հրապարակաւ նողկանքի դրսևորումը։ Դա հրապարակային ազգադաւութիւն է և արւում է ազգային արժէքներին հաւատարիմ մարդկանց կոտրելու համար։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում վաղուց խախտւում է և՛ Սահմանադրութիւնը, և՛ «Լեզւի մասին» օրէնքը, սակայն պարզւեց, որ որոշ անշնորհքների դուր չէին գալիս օրէնքի և Սահմանադրութեան խախտման մասնաւոր դրսևորումները։ Նրանք որոշեցին հրապարակայնօրէն ցոյց տալ, որ ազգային արժէքներն իրենց համար որևէ բան չեն նշանակում։ Այն բոլոր հիմնաւորումները, որ բերում են, թէ նպատակը լեզու սովորեցնելն է և այլն, պարզապէս տգիտութեան հերթական դրսևորումն են։ Եթէ մեր ազգային անվտանգութեան ծառայութիւններին պէտք է մասնագէտներ պատրաստել, դրա համար ոչ թէ դպրոցներ են բացւում, այլ մէկ մարդու համար աշխատում է ուսուցիչների մի ամբողջ խումբ, սա աշխարհով մէկ ընդունւած կարգ է։ Իսկ եթէ պէտք է պարզապէս լեզու սովորեցնել, նոր բան պէտք չէ յօրինել. աշխարհը վաղուց այդ ճանապարհն անցել է։
Նախագծին դէմ են Հանրային խորհուրդը, Գիտութիւնների ակադեմիան, գրողներն ու մտաւորականները, և հարց է ծագում, բայ ո՞վ է կողմ այս նախաձեռնութեանը, ո՞ւմ են ներկայացնում նրանք, որոնք կողմ են այդ օտարալեզու դպրոցների վերաբացմանը։ Եթէ օտարալեզու դպրոցները կարևոր և անհրաժեշտ են, ինչպէս որ ներկայացւում է, ի՞նչ կարիք կայ դնել թւի սահմանափակում, աւելի լաւ կը լինի, որ ողջ ազգով անցնենք օտարալեզու կրթական համակարգի, իսկ եթէ դրանք առանձնապէս կարևոր բան չեն, ինչո՞ւ ենք թոյլ տալիս, որ Հայաստանում օտար մտածողութեան մարդիկ մեծանան։ Այսինքն՝ նախագծով մենք փորձում ենք լաւ քաղաքացիներ մեծացնել օտար պետութիւնների համա՞ր։
Թող տպաւորութիւն չստեղծւի, թէ դէմ ենք օտար լեզւին։ Ես մի հինգ լեզւով հաղորդակցւում, կարդում եմ։ Էստոնացիներն իրենց մէկ միլիոն բնակչութեամբ Եւրոպական Միութիւնում խօսում են էստոներէն։ Կան թարգմանիչներ, կան թարգմանչական ծրագրեր։ Ասածս այն է, որ այս հիմնաւորմամբ նախագիծ բերել և դպրոցներ բացելն ապուշութիւն է։
* Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուները Հանրային խորհրդին ուղղւած նամակով հարցնում են. «Արդեօ՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգաւաճել և զարգանալ, թէ՞ գոյատևել: Արդեօ՞ք Հայաստանը կամենում է ներգրաււել համաշխարհային գործընթացներում, թէ՞ գերադասում է մնալ մեկուսացւած պետութիւն` իր օրէնքներով և կանոններով»։ Չէ՞ք կարծում, որ ընտրութիւնը պէտք է արւի զարգացման ու համաշխարհային գործընթացներին ներգրաււելու օգտին։
** Այդ հոգաբարձուները թող իրենց բիզնեսով զբաղւեն և չորոշեն, թէ ողջ ժողովուրդն ինչ անի։ Ռաֆայէլ Պատկանեանն ասել է. «Հայ է նա, ով պայքարում է անկախ Հայաստանի համար»։ Այսինքն՝ նախ պէտք է Հայ լինել, յետոյ խօսել հայ ժողովրդի մասին։ Չի կարող իրեն Հայ համարող մարդը գալ ու Հայ երեխային կտրել իր արմատներից։ Գալուստ Գիւլբեկեանն էլ փող ունէր ու Հայ էր, բայց այսօրւայ նրա կապիտալի մէկ տոկոսն անգամ հայութեան համար չի աշխատում։ Խելոք ազգերը գործարարներին հեռու են պահում պետութենական, քաղաքական կեանքից։
* Այսօր աշխարհն արագ զարգանում է, և եթէ չես տիրապետում օտար լեզուների, դուրս ես մնում զարգացման հոսքից։ Նախաձեռնութեան, մասնաւորապէս՝ Դիլիջանի դպրոցի նպատակն է հայ ժողովրդին հաղորդակիցն ու մասնակիցը դարձնել զարգացման ընթացքին։
** Դրա համար անհրաժեշտ է բարձրացնել օտար լեզուների ուսուցման մակարդակը, աւոելին՝ քանի որ ողջ ազգը չի կարող օտար լեզուներին տիրապետել գերազանց, պէտք է զարգացնել թարգմանչութիւնը։ Շատ հաւանական է, որ ինչ-որ ժամանակ աշխարհում հաղորդակցման մի քանի լեզուներ մնան, սակայն դա Հայկական պետութեան հետ կապ չունի։ Հայկական պետութեան խնդիրը հայկական արժէքային համակարգին ծառայելն է, իսկ Հայկական պետութիւնն ազգային, հայկական կազմակերպութիւնն է։ Եթէ ազգային, հայկական կազմակերպութիւնն ազգային արժէքներից հրաժարւելու ճանապարհով փորձում է ինչ-որ բան հարթել, գուցէ աննկատ, բայց զիջում է ամենակարևորը՝ հոգևորը։ Այս ամէնից յետոյ մտածում եմ, որ հանգիստ կարող էինք թրքանալ, ու երևի ճիշտը դա էր։
* Բայց մի՞թէ այս նախաձեռնութիւնը նման վտանգներ է պարունակում։
** Եթէ խօսելու լինենք վտանգների մասին, ամենակարևոր վտանգն այն է, որ ասւում է՝ հայերէնն անկատար լեզու է։ Այդ նախագծով մենք մի փոքր կաստայ ենք ստեղծում, որը վաղը մեզ պիտի ղեկավարի և դառնայ մեր առաջնորդող դասը։ Հերիք չէ՝ ազգը դարձնում ենք ցեղախումբ, դեռ կաստայ ենք ստեղծում, որն ընտրեալ է։ Սա հայերի պետութիւնն է, և որևէ մէկը ընտրեալ դառնալու, ինչ-որ մէկից գերադաս դառնալու իրաւունք չունի։ Նախագիծ բերողները չեն ասում չէ՞, որ ստորադաս բան են բերում, ոչ, նրանք ասում են, որ գերադաս բան են բերում։ Եթէ նրանց ստեղծածը և այդ դպրոցների սովորողները գերադաս են, ապա ողջ մնացած ազգը ստորադաս է։ Որքան պակասեցնում էք այդ դպրոցների տոկոսը, այնքան աւելացնում էք ստորադասների թիւը։ Դէ եկէք ողջ ազգով անցնեք թուրքերէնի, ընդունենք ուրիշ կրօն կամ այն, ինչը յարմար է զարգացման համար։ Չեմ հասկանում, թէ սա ինչ պոռնկամտութիւն է, մի՞թէ կարելի է նիւթականի համար հրաժարւել հոգևոր արժէքներից։ Հանրապետականներն իրենց կոչում էին Ազգային միաբանութիւնից սերւած, ես էլ, լինելով Ազգային միաբանութեան ընտրւած ղեկավար, ընդ որում՝ ընտրողների մէջ են եղել Աշոտ Նաւասարդեանը և Անդրանիկ Մարգարեանը, հանդէս եկայ կոչով և ասացի, որ սահմանազատւեն այդ Աշոտ Արմէնեանից, թէ Արմէն Աշոտեանից։ Ես նրանց ասացի, որ եթէ դուք պահպանողական կուսակցութիւն էք, յարգում էք ձեր ծնողին, ապա ձեր պապայի պապան ձեզ ասում է, որ այդ նախագիծը, որը բերել էք խորհրդարան, էշութիւն է։ Պատասխանը եղաւ այն, որ այլևս չեն նշում, որ Ազգային միաբանութիւնից են սերւած։ Սա էլ եկաւ ապացուցելու, որ նրանք ընդամէնը հայկական դիմակ հագած ռուսական հարճեր են։
* Ասում են` Հայաստանեան հասարակութիւնն արդիականացնելու անհրաժեշտութիւն կայ, և այդ արդիականացման փուլերից մէկն էլ նոր կրթական ծրագրեր կամ համակարգ ստեղծելն է, որը և կառավարութիւնն անում է։ Ինչո՞ւ էք դէմ։
** Հայաստանը չի մերժում կրթական համակարգը, Հայաստանն անցում կատարեց միջազգային կրթական համակարգի, այս առումով խնդիր չունենք։ Ինչ վերաբերում է դպրոցականներին մատուցւելիք դասընթացներին, կարելի է հեշտութեամբ վերցնել համաշխարհային գրականութիւնը, նոր ձեռքբերումները, որոնք պէտք է աշակերտն իմանայ, թարգմանել և մատուցել մայրենի լեզւով։ Տեսէք, մենք այսօր կառքով չենք երթևեկում, մեր բոլոր հաստավզիկները և հաստափորիկները սիրում են արտասահմանեան մակնիշով երթևեկել, այսինքն՝ աշխարհի ձեռքբերումներին մենք հաղորդակից ենք և վերցնում ենք այն, ինչ ուզում ենք։ Պարզ հաշւարկ է, եթէ տեխնիկականը վերցնում ենք, կարող ենք գիտականն էլ վերցնել։ Այս ամէնի համար, կրկնում եմ, դպրոցներ բացել պէտք չէ, կայ թարգմանչական արւեստ, և մենք ունենք Թարգմանչաց տօն, որով գնահատել ենք ուրիշների ձեռքբերումները մերը դարձնելու կարողութիւնը՝ փոխադարձաբար տալով մերը։ Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը Հայ ուսեալ և կրթւած քաղաքացի պատրաստելն է, սա կարելի է անել հայկական դպրոցներում, հայերէնով, թարգմանչական ծրագրերի օգնութեամբ։
* Դիլիջանի դպրոցը նախատեսում է, որ սփիւռքահայ երեխաները կը գան Հայաստան, որտեղ նրանք հնարաւորութիւն կունենան սովորել հայերէն, տեղում ծանօթանալ Հայ մշակոյթին։ Մի՞թէ սա դրական քայլ չէ։
* * Քանի՞ աշակերտ պիտի ունենայ Դիլիջանի դպրոցը... ինչ-որ վեց հարիւր աշակերտ։ Յիմարութիւն է, երբ 10-12-միլիոնանոց ազգը վեց հարիւր երեխայի համար փոխում է լեզւական քաղաքականութիւնը։ Այդ երեխաները այն, ինչ պիտի սովորեն Դիլիջանում, կսովորեն իրենց երկրներում։ Կրկնում եմ, որ այդ դպրոցները հանրութեանը բաժանելու են գերադաս և ստորադաս խմբերի՝ ստեղծելով կաստաներ։ Նման վտանգներով նախագիծը որևէ արդարացում չի կարող ունենալ։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment