Հայ հետախոյզը տարիներ անց կրկին իրարանցում է
առաջացրել Անկարայում
առաջացրել Անկարայում
13:51 • 19.07.10
Օրեր առաջ գրեթէ բոլոր թուրքական առաջատար լրատւամիջոցները, յղում կատարելով «Հայաստանի զրուցակից» պարբերականին, հաղորդեցին տարիներ առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ԽՍՀՄ գլխաւոր հետախուզական վարչութեան (ГРУ) կողմից Անկարա գործուղւած Հայ հետախոյզ Սմբատ Խոջոյեանի ծաւալած գործունէութեան մասին:
Բանը հասաւ նրան, որ այս տեղեկութեան իսկութիւնը ճշտելու համար կոնկրետ հարցադրում արւեց ԹԱՄԺ-ի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին:
Թուրքական խորհրդարանում հնչած հարցին, թէ «Հայկական թերթերից մէկի համաձայն` 1980-ականներից առաջ ազգութեամբ հայ, ԽՍՀՄ-ի կողմից ուղարկւած մի գործակալ թուրք խորհրդարանականներից մէկի մահւանից յետոյ յաջողացրել է թափանցել ԹԱՄԺ և ծաւալել հետախուզական գործունէութիւն: Նման բանի մասին Դուք լսե՞լ էք», Շահինը պատասխանել է. «Ոչ չեմ լսել: Սակայն կասեմ` համոզիչ չի թւում այդ պնդումը: Այստեղ բոլորը միմեանց ճանաչում են: Մի՞թէ հնարաւոր է այդպիսի բան: Հնարաւոր չէ»:
Նշենք, որ «Հայաստանի զրուցակից» պարբերականի տեղեկութեան համաձայն` ԽՍՀՄ ռազմական հետախուզութեան աշխատակից, թուրքերէնին գերազանց տիրապետող Սմբատ Խոջոյեանը (ծնունդով Իջևանի շրջանի Աչաջուր գիւղից) տարիներ առաջ յատուկ առաջադրանքով գործուղւում է Անկարա:
Բացառիկ նմանութիւն ունենալով Թուրքիայի այն ժամանակւայ իշխող կուսակցութեան պատգամաւորներից մէկին, նա կարողանում է թափանցել թուրքական խորհրդարան և այնտեղ երկար տարիներ ծաւալել հետախուզական գործունէութիւն։«Ժամանակին յայտնի քաղաքական գործիչ, Թուրքիայի պառլամենտի անդամ Մահմուդ Շովքեթի (անունը փոխւած է) նմանակ, ԽՍՀՄ ռազմական հետախուզութեան կողմից գործուղւած Սմբատ Խոջոյեանը Թուրքիայի Մէջլիսում երկար տարիներ «փոխարինել» է թուրք պատգամաւորին:
… Խոջոյեանը ստւերի պէս հետապնդում էր Շովքեթին: Գիտէր նրա սովորութիւնները, ծխում էր նոյն ծխախոտը, խմում նոյն սուրճը, օգտւում նրա նախընտրած ճաշացանկից, նմանակում շարժուձևը: Երեկոները երբեմն թւում էր, թէ հայելու միջից իրեն է նայում թուրք մէջլիսականը: Ճանաչում էր կնոջը, երեխային: Մորուքով կամ բեղերով քողարկւած (նմանութիւնը ուշադրութիւն կը գրաւէր) փականագործի, ապակի գցողի անւան տակ բազմիցս եղել էր Շովքեթի բնակարանում: Ձայնագրում ու արտասանում էր Շովքեթի ելոյթները:
...Քաղաքական այրերը ոչինչ չկռահեցին, Խոջոյեան-Շովքեթը ելոյթներ էր ունենում, լինում այնպիսի տեղերում, որտեղ օձն իր պորտով չէր կարող հասնել:
Ըստ չճշտւած աղբիւրների` Խոջոյեան-Շովքեթը նոյնիսկ մասնակցել էր հերթական պառլամենտական ընտրութիւններին և կրկին դարձել պատգամաւոր:
Սակայն սկզբում ամէն ինչ հարթ ու սահուն չի եղել: Շովքեթի դերում երկրորդ շաբաթւայ ընթացքում կինը դիմակազերծում է Խոջոյեանին: Ում-ում` կնոջը չես խաբի: Բայց ամէն ինչ կանխատեսւած էր: Շովքեթի կինը` ի բարեբախտութիւն Սմբատ Խոջոյեանի, եղեռնից մազապուրծ հայի թրքացած աղջիկ էր: Նա չմատնեց հետախոյզին: Կինը սկսեց համագործակցել Սմբատի հետ:Տարիներ անց թուրքական հակահետախուզութիւնը որսաց Խոջոյեանի հետքը: Կենտրոնը Եւրոպայով նրան երկրից դուրս բերելու երկու անյաջող փորձ արեց: Մեծ արկածներով Խոջոյեանը անհետացաւ տեսադաշտից: Յարգելով Շովքեթի յիշատակը և վախենալով խայտառակութիւնից՝ իշխանութիւնները Խոջոյեանի նկարը, որպէս լրտեսի, չփակցրին համապատասխան տեղերում»,– գրում է պարբերականը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment