Պէտք է Ալիևին հարց տալ՝
–Որտե՞ղ էիր դու պատերազմի ժամանակ
«ԼՂ ժողովուրդը կռւել է իր հողի, իր տան ու ընտանիքի համար, իսկ «եթէ ադրբեջանցին յանկարծ կռւի Ղարաբաղում, ապա նա կռւելու է իր պատմաբանների կողմից ստեղծւած միֆի կամ իր երկրի ղեկավարների կողմից ստեղծւած ինչ–որ քարոզչութեան ազդեցութեան տակ»։



18:15 • 26.07.10
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամւէլ Նիկոյեանն այսօրւայ ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձաւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի այն յայտարարութեանը, որ եթէ Ադրբեջանը չպատասխանի սանկտպետերբուրգեան առաջարկներին, կփնտրւեն այլ ճանապարհներ։
Հարցին, թէ դուք գիտէ՞ք, թէ ինչ այլ ճանապարհների մասին էր խօսում ՀՀ նախագահը, Սամւէլ Նիկոյեանը կրկին ներկայացրեց իր անձնական կարծիքը. «Այլ ճանապարհները կարող են լինել բազմապիսի։ Օրինակ, իմ անձնական տեսակէտն եմ ասում, ՀՀ–ի կողմից ԼՂ անկախութեան ճանաչումը, կամ, օրինակ, համանախագահող երկրների կողմից... Օրինակներ եմ բերում և կարող են էլի այլ օրինակներ լինել»։ Նիկոյեանը նշեց նաև, որ ինքը տեղեակ չէ, թէ ՀՀ–ն ինչ ուրիշ մօտեցումներ ունի իր թղթապանակում։«Ընդհանուր առմամբ, ռազմական գործողութիւնները որևէ մէկը չպէտք է բացառի և որևէ մէկը չպէտք է պնդի»,– յայտարարեց Սամւէլ Նիկոյեանը՝ ի պատասխան հարցի, թէ արդեօ՞ք «այլ ճանապարհներ» ասւածի մէջ մտնում է ռազմական գործողութիւնների վերսկսումը։
«Պէտք է Ալիևին հարց տալ՝ որտե՞ղ էիր դու պատերազմի ժամանակ, դու ի՞նչ գիտես, թէ ինչպէս կարելի է յաղթել, դու գիտե՞ս պատերազմն ինչ է, թէ՞ չէ։ Այն ժամանակ հասուն տարիքի տղամարդ էիր և դու կարող էիր ցոյց տալ, որ պատերազմի դաշտում լիդեր ես, ղեկավար ես, կարո՞ղ ես հիմա նման յայտարարութիւն անել, դու դրա իրաւունքը վաստակե՞լ ես։ Չէ, դու փախել էիր, արտասահմանում էիր... Իսկ ՀՀ նախագահը զինւորից մինչև գերագոյն գլխաւոր հրամանատար ամբողջ ճանապարհով անցել է։ Մեր պաշտպանութեան նախարարը, ԼՂ պաշտպանութեան նախարարը և ամբողջ սպայական կազմը յաղթանակած բանակի ղեկավարներ են, որոնք գիտեն՝ ինչ է նշանակում յաղթանակը, գիտեն՝ ինչ է յաղթանակի գինը»,– յայտարարեց Սամւէլ Նիկոյեանը։
Նա նշեց, որ ԼՂ ժողովուրդը կռւել է իր հողի, իր տան ու ընտանիքի համար, իսկ «եթէ ադրբեջանցին յանկարծ կռւի Ղարաբաղում, ապա նա կռւելու է իր պատմաբանների կողմից ստեղծւած միֆի կամ իր երկրի ղեկավարների կողմից ստեղծւած ինչ–որ քարոզչութեան ազդեցութեան տակ»։
Tert.am

0 Պատգամ: