Անկարան Երևանին մեղադրում է քաղաքական կամքի
բացակայութեան համար
15:14 • 16.07.10
Թուրքիան ունի քաղաքական կամք տարածաշրջանում սկսւած այսպէս կոչւած խաղաղութեան ջանքը շարունակելու համար: Այս մասին, թուրքական Anadolu գործակալութեան փոխանցմամբ, յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն` պատասխանելով Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդիմադիր կուսակցութեան պատգամաւոր Սուլէյման Թուրան Չիրքինի հարցին։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը, նշելով, որ Թուրքիան պատրաստակամ է իր բոլոր հարևանների հետ յարաբերութիւնները զարգացնել փոխադարձ յարգանքի և բարիդրացիական սկզբունքների հիման վրայ, յայտարարել է.
«Վերջին շրջանում կարևոր տարածութիւն է յաղթահարւել մեր հարևանների հետ առկայ խնդիրների վերացման հարցում: Սակայն Հայաստանը շարունակում է մնալ այդ աղիւսակի թոյլ օղակը: Հայաստանի հետ Արձանագրութիւնների ստորագրումն առաջին քայլը դարձաւ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ: Իսկ այդ գործընթացի շարունակութիւնն անկասկած կախւած կըլինի նրանից, թէ արդեօ՞ք Հայաստանը խնդիրները լուծելու կամք և կառուցողական դիրքորոշում կցուցաբերի։
«Թուրքիան ունի քաղաքական կամք տարածաշրջանում սկսւած այսպես կոչւած խաղաղութեան ջանքը շարունակելու համար` հակառակ այդ ճանապարհին հանդիպող բոլոր դժւարութիւններին: Եւ եթէ Հայաստանը ցուցաբերի նոյն քաղաքական կամքը, գործընթացը կարող է առաջ շարժւել՝ ի նպաստ ողջ տարածաշրջանի: Թուրքիայի մեկնած բարեկամական ձեռքը չսեղմելը, նախ և առաջ, վնասելու է հէնց Հայաստանին»,- աւելացրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:
Դաւութօղլուն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին տեղեկութիւններին՝ նշելով, որ Թուրքիան կողմերից որևէ մեկին առաջարկութիւն չի արել խաղաղապահ ուժերի կազմում թուրք զինւորներ ընդգրկելու վերաբերեալ։
Tert.am

0 Պատգամ: