Իրանի Խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանին
կայցելի Հայաստան
Ժնևում ընթացող Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը նախօրէին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեան Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ, որի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ և շարունակում են զարգանալ փոխվստահութեան մթնոլորտում, ինչին նպաստում է նաև ՀՀ և ԻԻՀ օրէնսդիր մարմինների համագործակցութիւնը:
Այս համատեքստում կարևորւեց 2009 թ. սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրւած Փոխըմբռնման յուշագիրը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատւական ծառայութիւնից:
Յովիկ Աբրահամեանը բարձր է գնահատել երկու խորհրդարաններում բարեկամութեան պատգամաւորական խմբերի գործունէութիւնը, որոնց փոխայցելութիւններն աշխուժութիւն և նոր լիցք են հաղորդում միջխորհրդարանական կապերին:
ԱԺ նախագահի խօսքերով, երկու երկրների համագործակցութիւնը զգալի ներուժ ունի նաև տնտեսական բնագաւառում: Երկու բարեկամ երկրների միջև միջխորհրդարանական կապերը աւելի խորացնելու և զարգացնելու նպատակով Յովիկ Աբրահամեանը Ալի Լարիջանիին հրաւիրել է Հայաստան. հրաւէրը սիրով ընդունւել է:
Կողմերը կարևորել են միջազգային կառոյցներում համագործակցութիւնը և երկուստէք նշեցին, որ տարածաշրջանային հակամարտութիւնների և ճգնաժամերի ընթացքում Հայաստանի և Իրանի իշխանութիւններն աչքի են ընկել հաւասարակշռւած և շրջահայեաց մօտեցումներով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայ-թրքական յարաբերութիւններին և ԼՂ հիմնախնդրին:
Երկու խորհրդարանների նախագահները շեշտել են, որ տարածաշրջանային անվտանգութեան և կայունութեան համար հակամարտութիւնները պէտք է լուծւեն խաղաղ, բանակցային ճանապարհով:
Աբրահամեանի միւս հանդիպումը ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ Ղուրէյրի հետ էր, որի ընթացքում ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակութիւն է տալիս Պարսից Ծոցի արաբական երկրների հետ յարաբերութիւնների հետագայ զարգացմանը, ուշադրութեամբ հետևում է տարածաշրջանի քաղաքական գործընթացներին և տնտեսական նւաճումներին: Այս առումով նա բարձր է գնահատել ԱՄԷ հաւասարակշիռ արտաքին քաղաքականութիւնը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Նա գոհունակութեամբ փաստել է, որ Հայաստանի և Արաբական Միացեալ Էմիրութիւնների միջև յարաբերութիւնները կայուն առաջընթաց են ապրում և կարևորել առևտրատնտեսական համագործակցութեան ձեռքբերումները:
Յովիկ Աբրահամեանը նշել է, որ երկկողմ միջխորհրդարանական համագործակցութիւնը զիջում է առևտրատնտեսական յարաբերութիւնների մակարդակին և առաջարկել է ակտիւացնել միջխորհրդարանական պատւիրակութիւնների փոխայցելութիւնները:
ԱՄԷ Ազգային դաշնային խորհրդի նախագահը նոյնպէս անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիւացումը և զարգացումը` նշելով, որ իր երկիրը մեծ նշանակութիւն է տալիս Հայաստանի հետ փոխգործակցութեանը տարբեր ուղղութիւններով: Պարոն Աբդուլ Ազիզ Ալ Ղուրէյրը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղութիւն և կայունութիւն ապահովելու և հարևանների հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում:
Նոյն օրը ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը հանդիպել է նաև Մոնակոյի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ֆրանսուա Ռոբիյոնի հետ: Երկուստէք կարևորւել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչին կնպաստեն երկկողմ և բազմակողմ գործակցութիւնը, փոխայցելութիւնները:
ԱԺ նախագահը անհրաժեշտէ համարել նաև համագործակցութիւնը միջազգային կառոյցներում: Մոնակոյի խորհրդարանի նախագահը նոյնպէս կարևորել է գործակցութիւնը միջազգային կազմակերպութիւններում և համագործակցութեան պատրաստակամութիւն է յայտնել:
Յովիկ Աբրահամեանը Մոնակոյի իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացը և շեշտեց, որ Հայաստանը խնդրի կարգաւորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այլ ձևաչափ մեր երկրի համար ընդունելի չէ:
ԱՅՍՕՐ, 11:00
Aysor.am

0 Պատգամ: