Reuters.-
Սուրբ Խաչը հայկական զանգւածային
ջարդերի լուռ վկան է


Բրիտանական Reuters գործակալութիւնը, անդրադառնալով Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցւելիք պատարագին, նշում է, որ սա «հաշտեցման և խաղաղութեան ժէստ է» Թուրքիայի կողմից: Այս մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը:
«Եկեղեցու թւացեալ հանդարտութեան տակ թաքնւած է մինչև այսօր Հայաստանին և Թուրքիային հետապնդող խեղւած անցեալը: Աշխարհով մէկ սփռւած հայերն Արևելեան Անատոլիայում գտնւող այս եկեղեցին դիտում են որպէս դարեր շարունակ կատարւած բռնութեան, բռնագաղթի և զանգւածային կոտորածների լուռ վկայ»,- գրում է Reuters-ը` աւելացնելով.
«Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգումից յետոյ, որը թուրքական իշխանութիւններին արժեցաւ 1.5 միլիոն դոլար, որպէս թանգարան վերաբացւեց 2007թ.: Եւ չնայած հոգևոր այրերի խնդրանքներին` Անկարան թոյլ չտւեց եկեղեցու վրայ խաչ տեղադրել: Սակայն որոշ ժամանակ անց Վանի նահանգապետ Միւնիր Քարաօղլուն յայտարարեց, որ մինչև պատարագը եկեղեցու գմբէթին դրւելու է խաչ, և այն այնտեղից չի իջեցւելու»:
Tert.am

0 Պատգամ: