Ռումինիայում բացւեց Տրանսիլվանիայի
Հայոց թանգարանը
18:47 • 17.07.10
Յուլիսի 15-ին մշակութային ինքնութեան վերականգնման և խթանման ռումինա-եւրոպական լայն համագործակցութեան շրջանակներում Ռումինիայի Դումբրըվենի /Dumbraveni/ քաղաքում, հայ կաթողիկէ Սբ. Եղիսաբէթ տաճարի հարևանութեամբ գտնւող Ապաֆի ամրոցում, շքեղ հանդիսութեամբ բացւել է Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը: Արարողութեան կազմակերպիչներն էին Ռումինական թանգարանների ազգային ցանցը և նրա գործընկերներ Դումբրըվենիի քաղաքային խորհուրդը, Տրանսիլվանիա տրեստը, նորվեգական Ֆոլկեունիվերսիտետետ եւ Դումբրըվենիի Հայկական Ելիզաբէթուպոլիս հաստատութիւնները:
Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի հիմնադրումն իրականացւում է Նորվեգիայի, Իսլանդիայի և Լիխտենշտեյնի կառավարութիւնների կողմից հիմնադրւած «Հայ համայնքի վերածնունդին ուղղւած գործողութիւններ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Դումբրըվենիի նախկին հայ համայնքի մշակութային ժառանգութեան պահպանութիւնն ու ներկայացումը, ինչպէս նաև դրա միջոցով տուրիզմի և տեղի սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելը:
Արարողութեանը ներկայ էին Հայաստանի և Նորվեգիայի դեսպանները, Սիբիու նահանգի պրեֆեկտը, Ռումինիայի կառավարութեան և խորհրդարանի ներկայացուցիչները, տեղական իշխանութիւնների, կրթութեան, գիտութեան և մշակոյթի ոլորտի ռումին և եւրոպական այլ երկրների գործիչներ, Ռումինահայոց միութեան ղեկավարներ, Դումբրըվենիի և շրջակայ քաղաքների հասարակութիւնների հարիւրաւոր ներկայացուցիչներ:
Բացման ժապաւէնը կտրելուց յետոյ Դումբրըվենիի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն հիւրերին հրաւիրել է մտնելու ամրոց և դիտելու Հայոց թանգարանում Տրանսիլվանիայի հայոց անցեալի, նիստուկացի, երկրամասի զարգացման մէջ նրանց ներդրած նպաստի, հայերի կողմից 1700-ական թւականներին Դումբրըվենի քաղաքի հիմնադրման մասին պատմող ցուցահանդէսը:
Ապաֆի ամրոցից, որը ժամանակին նոյնպէս պատկանել է հայերին, հիւրերն ուղղւել են Դումբրըվենիի Հայոց կաթողիկէ Սբ. Եղիսաբէթ տաճար, որը հիմնւել է 1766-1791թթ. և համարւում է Տրանսիլվանիայի ամենագեղեցիկ տաճարներից մէկը: Այսօր այն ծառայում է տեղի և շրջակայից փոքրաթիւ հայ կաթոլիկ համայնքին, ինչպէս նաև տեղացի հաւատացեալներին: Տաճարը զարդարւած է արժէքաւոր գործերով, ունի հարուստ հաւաքածու և գրադարան: Այնտեղ կազմակերպւում են նաև դասական երաժշտութեան համերգներ և մշակութային երեկոներ: Դումբրըվենիում ժամանակին հայերը հիմնել են եօթ եկեղեցի: Այսօր էլ նրանցից մի քանիսը պահպանւում են հայերէն գրութիւններով: Պահպանւում են նաև հայերի կողմից կառուցւած դատարանի շէնքը, օրիորդաց վարժարանը, բանտը, գերեզմանոցը:
Թանգարանի բացման արարողութեանը նախորդել էր Ապաֆի ամրոցում կազմակերպւած «Վերապրել մշակոյթի միջոցով» գիտաժողովը, որի ընթացքում մշակութային բազմազանութեան, մշակութային ինքնութիւնների և եւրոպական արժէքների ձևաւորման մէջ նրանց ունեցած դերի շրջանակներում նոյնպէս լայն անդրադարձ է կատարւել Հայոց պատմութեանն ու մշակոյթին:
Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի բացման կապակցութեամբ տրւած ընդունելութեանը ՀՀ դեսպան Համլետ Գասպարեանը, երախտագիտութիւն յայտնելով թանգարանի հիմնադիրներին և ծրագրի իրականացնողներին, այդ ակցիայի նշանակութիւնը կարևորել է ոչ միայն ռումինական, այլև միջազգային առումով, ինչը կարող է նպաստել ժողովուրդների միջև աւելի լաւ փոխըմբռնմանը և սերտ համագործակցութեան հաստատմանը:
Ինչպէս յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, յուլիսի 16-ի առաւօտեան դեսպան Գասպարեանն այցելել է Դումբրըվենիի քաղաքապետարան, ուր նրան ընդունել է քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն:
Ծաւալւած ջերմ և անմիջական զրոյցին, որին մասնակցում էին նաև Ռումինահայոց միութեան, ինչպէս նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մտքեր են փոխանակւել Դումբրըվենի քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգութեան պահպանման և Հայաստանի հետ կապերի հաստատման շուրջ: Այս իմաստով կրկին կարևորւել է Հայոց թանգարանի հիմնումը և նրա հետագայ գործունէութիւնը, որն իր վրայ կարող է բևեռել շատերի հետաքրքրութիւնը ոչ միայն Ռումինիայից, այլև Հայաստանից ու ամբողջ աշխարհից:
Զրուցակիցները պատրաստակամութիւն են յայտնել առաջիկայում շարունակել խորհրդակցութիւնները կոնկրէտ ծրագրերի և քայլերի ուղղութեամբ:

Tert.am

0 Պատգամ: