«ԱՄԵՆԱՃԻՇՏ ՔԱՅԼԸ, ՈՐ ՔԼԻՆԹՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ ՅՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԱՅՑԵԼԵԼՆ Է»
Երեւան (Երկիր) - ԱՄՆ նախագահի վարչակազմը պէտք է օգտագործի պետքարտուղար Քլինթոնի այցը Հարաւային Կովկաս Ղարաբաղեան կարգաւորման եւ Հայ-թրքական հաշտեցման գործընթացներում իր չյաջողած քաղաքականութիւնը վերանայելու համար. «Ազատութիւն» ռադիոկայանին ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:
Նրա խօսքերով` եթէ Քլինթոնի այցը քաղաքականութիւնը վերանայելու, դրական ուղղութեամբ փոխելու ցանկութեամբ է արւում, ապա դա դրական զարգացում է, իսկ եթէ վերաամրագրելու է վերջին 18 ամիսների բացասական աւանդոյթները, ապա այցը լաւատեսութիւն չի ներշնչում:
Համբարեանի կարծիքով` ամենաճիշտ քայլը, որ ԱՄՆ պետքարտուղարը կարող է անել, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր այցելելն է եւ այդ ոճիրը ճանաչելու վերաբերեալ յայտարարութեամբ հանդէս գալը:
«Մենք տեսել ենք, որ այս վարչակազմը գնալով աւելի սխալ ուղղութեամբ է շարժւում. նախընտրական քարոզարշաւի ժամանակ Ցեղասպանութեան ճանաչման խոստումից այն շարժւեց դէպի այս հարցի շուրջ լռութեան քաղաքականութիւն, այնուհետեւ պարզապէս չճանաչեց, յետոյ աւելի հեռուն գնաց` հակադրւելով Կոնգրէսում Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւին»,- ընդգծել է Ա. Համբարեանը:
Հարցին, թէ Քլինթոնը Հայ-թրքական յարաբերութիւնների վերաբերեալ ի՞նչ ուղերձ կը յղի Հայաստանի իշխանութիւններին, արդեօ՞ք կրկին հետամուտ կլինի գործընթացի վերսկսմանը, Արամ Համբարեանը պատասխանել է. «Հայ-թրքական յարաբերութիւնները երբեք չեն բարելաււի, եթէ Հայոց Ցեղասպանութեանը չվերաբերւեն ճշմարտութեան եւ արդարութեան դիրքերից: Թուրքիան, իհարկէ, կբողոքի, բայց ամերիկեան քաղաքականութիւնը պէտք է հիմնւած լինի ամերիկեան արժէքների եւ շահերի վրայ»:
Անդրադառնալով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը` Ա. Համբարեանը նշել է, որ այդ հարցում էլ ԱՄՆ վարչակազմը շեղւեց ճիշտ ուղուց: «Նախագահ Օբաման քարոզարշաւի ընթացքում ասում էր. «Ես լուծելու եմ Լեռնային Ղարաբաղի հարցը ամերիկեան սկզբունքների` ժողովրդավարութեան եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրայ»: Իրականում տեսնում ենք հայկական կողմի վրայ անվերջ շարունակւող ճնշումներ, որը ժողովրդավարական չէ, սխալ է»,- նշել է Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէնը` յաւելելով, որ եթէ այդ նոյն քաղաքականութիւնը կիրառւէր 1776 թւականին, երբ Միացեալ Նահանգները անկախութեան հռչակեցին, Ամերիկան կմնար Բրիտանական կայսրութեան կազմում:
0 Պատգամ:
Post a Comment