Հայաստանի պաշտպանությեան նախարարն այցելել է Աֆղանստանում ծառայող հայկական զօրախմբին
15:36 • 27.07.10
2010թ. Յուլիսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Աֆղանստանում էր գտնւում ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի գլխաւորած պատւիրակութիւնը:
Յուլիսի 24-ին ՀՀ պաշտպանութեան նախարարն այցելել է Կունդուզում տեղակայւած ՀՀ զօրախմբին, ծանօթացել է հայ խաղաղապահների ծառայութեան պայմաններին, եղել Կունդուզի օդանաւակայանի յենակէտերում: Օդանաւակայանի անվտանգութիւնն ապահովում է հայկական զօրախումբը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամեանը օրհնել է հայ խաղաղապահների կողմից կառուցւած Սուրբ Թադէոս Առաքեալ անւանակոչւած մատուռը:
Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատւիրակութիւնը հանդիպումներ է ունեցել Աֆղանստանի միջազգային անվտանգութեան աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ-ISAF) հրամանատար, գեներալ Դէյվիդ Հ. Պետրեուսի, ԱՄԱԱՈՒ-ի հիւսիսային տարածաշրջանային հրամանատարութեան հրամանատարի և Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի ղեկավարութեան հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանի և տարածաշրջանի անվտանգութեան միջավայրը, ԱՄԱԱՈՒ-ից աֆղանական զինւած ուժերին անվտանգութեան պատասխանատւութեան փոխանցման գործընթացի հետ կապւած մարտահրաւէրները, Քաբուլի վեհաժողովի արդիւնքները և հետագայ համագործակցութեան հեռանկարները: ԱՄԱԱՈՒ-ի հրամանատարութիւնը շնորհակալութիւն է յայտնել նախարար Սէյրան Օհանեանին հայկական զօրախմբի գերազանց և օրինակելի ծառայութեան և այն կարևոր ներդրումի համար, որ հայ խաղաղապահերն ունեն Աֆղանստանի հիւսիսի ռազմավարական նշանակութիւն ունեցող տեղանքների անվտանգութեան ապահովման գործում:
ԱՄԱԱՈՒ-ի հիւսիսային տարածաշրջանային հրամանատարութեան հրամանատար, գեներալ-մայոր Հանց Վերներ Ֆրիցը համառոտ ներկայացրել է նաև Աֆղանստանի հիւսիսային տարածաշրջանում անվտանգութեան միջավայրը, գործողութիւնների ռազմավարութիւնը, հրամանատարական կառուցւածքը, ձեռքբերումները և առաջիկայ մարտահրաւէրները:
Յուլիսի 25-ին ՀՀ ԶՈՒ պատւիրակութեանն ընդունել է Աֆղանստանի պաշտպանութեան նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակը և Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմը: Հանդիպումների ժամանակ բարձր գնահատականի է արժանացել ՀՀ զօրախմբի ծառայութիւնը Կունդուզում:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանութեան նախարարի խնդրանքով ներկայացւել է Աֆղանստանում տիրող ընդհանուր իրավիճակը: Մասնաւորապէս՝ նախարար Վարդակը նշել է, որ վերջին տարւայ համեմատ դէպքերի և պատահարների աճը ունի նաև օբյէկտիւ պատճառներ, մասնաւորապէս՝ կտրուկ աճել է ԱՄԱԱՈՒ-ի և Աֆղանստանի անվտանգութեան ուժերի քանակը, որի շնորհիւ գործողութիւններ են իրականացւում այն վայրերում, որտեղ նախկինում դա հնարաւոր չէր: Նա աւելացրել է, որ չնայած առկայ բազում խնդիրներին, ըստ վիճագրական տւեալների, 2002թ. ի վեր Աֆղանստանում նաև միջազգային հանրութեան ջանքերով արձանագրւել է հասարակական-տնտեսական աճ:
Ինչպէս յայտնում են ՀՀ ՊՆ-ից, յուլիսի 26-ին, Աֆղանստանից հետդարձի ճանապարհին, Ուզբեկստանի Թերմեզի օդանաւակայանում ՀՀ պաշտպանութեան նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանութեան փոխնախարար պարոն Ֆշավկաթ Տուրսուն Նորմատովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցութեան ներկայ վիճակը և զարգացման հնարաւորութիւնները: Գերմանիայից դէպի Կունդուզ ՀՀ զօրախումբի տեղափոխման ճանապարհին Թերմեզի օդանաւակայանը ծառայում է որպէս միջանկեալ կայան, և հայ խաղաղապահների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար Սէյրան Օհանեանը շնորհակալութիւն է յայտնել պարոն Նորմատովին:
Յուլիսի 26-ի երեկոյեան ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի գլխաւորած պատւիրակութիւնը վերադարձել է Երևան:
Tert.am

0 Պատգամ: