Հայազգի ռեժիսորը հայերէն գիտի
` «չէ», «ջուր», «ոնց ես»
«Առաջին անգամ հայկական ինքնութեան հետ շփւել եմ, երբ 5 տարեկանում
եղել եմ Թեհրանում»

Նրա մայրը Իրանահայ է եւ 12 տարեկանում արտագաղթել է Ամերիկա
«Մի բան է, երբ քեզ պաշտօնապէս հրաւիրում են մասնակցելու փառատօնի, մէկ ուրիշ բան, երբ այդ փառատօնում դու ունես ընկերներ ու մտերիմներ, ովքեր քեզ սիրում ու սպասում են»,- յայտնեց ամերիկացի ռեժիսոր Ալէն Հիւզը, ով Հայաստանում մասնակցում է «Ոսկէ ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատօնին` ներկայացնելով իր ու եղբօր համատեղ նկարահանած «Իլայի գիրքը» ֆիլմը:
Ռեժիսորը փառտօնի մասին չկարողացաւ ինչ-որ բան ասել` նշելով, որ իր ժամանակը չի ծախսել փառատօնի աշխատանքներին հետևելու վրայ Փոխարէնը պատմեց, թէ ինչպէս է տեղեկացել «Ոսկէ ծիրանի» մասին:
«Երբ աշխարհով մէկ մամուլի ասուլիսներ էին կազմակերպւում` «Իլայի գիրքը» ֆիլմի հետ կապւած, մի օր էլ մի շատ ջերմ անձնաւորութիւն մօտեցաւ ինձ, ծանօթացաւ ու ձեռքս սեղմեց, և այնքան սեղմած պահեց, մինչև ես խոստացայ, որ գալու եմ Հայաստան` մասնակցելու «Ոսկէ ծիրան» կինոփառատօնին. նա ասում էր, որ դա պարտադիր է ինձ համար»,- ասաց Ա. Հիւզն ու ժպտալով յաւելեց, որ այդ մարդն անկասած Հայ էր, քանի որ այդքան խանդավառ ուրիշ մէկը չէր կարող լինել:
Այդ պահին ասուլիսին հետևող փառատօնի ծրագրերի տնօրէն Սուսաննա Յարութիւնեանը միջամտեց` տեղեկացնելով, որ այդ մարդը Հայ չի եղել, այլ` Հոլիվուդի միջազգային ասոցացիայի անդամ է, ով անցեալ տարի մասնակցել է «Ոսկէ ծիրան» փառատօնին, աւելին` փառատօնին շնորհել է «Ոսկէ գլոբուս» մրցանակ:
Նշենք, որ Հիւզ եղբայրների մայրը ամերիկահայ է, ԱՄՆ է տեղափոխւել Իրանի Իսլամական Հանրապետութիւնից: Սակայն լրագրողների այն հարցին, թէ հայերէն բառեր գիտէ՞ք, ռեժիսորը հայերէն պատասծանեց «չէ’», ապա թւարկեց այն բառերը, որ արդէն սովորել է` «ջուր», «ո՞նց ես»:
«Մայրս Ամերիկա է տեղափոխւել 12 տարեկանում` ծնողների մահւանից յետոյ, քանի որ նա փոքր տարիքում է տեղափոխւել, ամերիկանացւել է»,- բացատրեց ռեժիսորն ու նշեց, որ առաջին անգամ հայկական ինքնութեան հետ շփւել են, երբ 5 տարեկանում եղել են Թեհրանում, ապա 8 տարեկանում, երբ իրենց Հայ ազգականները տեղափոխւել են ԱՄՆ, որոնց հետ երբեմն Սուրբ Ծննդեան տօնն են նշել:
«Իմ` չափազնաց անկեղծ լինելը, մօրիցս է»,- խոստովանեց Ա. Հիւզը, ով արտաքնապէս ևս իրեն մօրը նմանեցրեց:
Ռեժիսորը յայտնեց նաև, որ մօր համար Հայաստանից յուշանւէր չի տանելու, քանի որ նմաօրինակ նւէրներ գնել չի սիրում: Նա նաև խոստացաւ, որ միւս տարի փառատօնին մասնակցելու կգայ մօր հետ:
17.07.2010, 15:05
Aysor.am

0 Պատգամ: