Թուրքիա մեկնած Հայաստանցի զբօսաշրջիկներին ծեծել
են ու տարել ոստիկանութիւն
Յուլիս 27, 2010 12:08
Թուրքիա մեկնող Հայ զբօսաշրջիկին Հայաստանում առաջարկում են Միջերկրական ծովի լազուր, 5 աստղանի հիւրանոց, կատարեալ հանգիստ եւ անմոռանալի յուշեր։ Հաւատացէք, որ Թուրքիայից վերադառնալիս անջնջելի յուշերն ապահովւած են, իսկ ծովի կապոյտն ու 5 աստղանի հիւրանոցը ցանկալի, բայց ոչ իրական։ NEWS.am-ի թղթակցին հանդիպել եւ իրենց գլխի եկածը պատմել են վերջերս Թուրքիայից վերադարձած Սարաջեանները։ Ընտանիքի մայրը՝ Լիաննա Մամայեանը պատմեց հետեւեալը. «Փոքր որդուս առողջութեան բարելաւման համար բժիշկը ծով էր խորհուրդ տւել։ Որեշեցինք մեկնել Թուրքիա։ Դիմեցինք «Tez Tour» գործակալութիւն։ Եղած փաթեթներից ընտրեցինք Ալանիան, որտեղ պէտք է կանգ առնէինք «Aventura park» 5 աստղանի հիւրանոցում։ Ընտանիքի 4 անդամների համար վճարեցինք 4000 դոլար, եւ բնականաբար ապահովագրւեցինք։ Յուլիսի 6-ին մեկնեցինք Ալանիա, ճանապարհին խմբի անդամներից տեղեկացանք, որ միայն մենք ենք հանգստանալու «Aventura park»-ում, ճիշտն ասած՝ փոքր ինչ անհանգստացայ, դէ ամէն դէպքում Թուրքիայում էինք լինելու, եւ մտածում էի, որ լաւ կլինէր, որ հայաստանցիներով միասին լինէինք...
Ինչեւէ, ընտանիքով գնացինք «Aventura park» հիւրանոց։ Ասել էին, որ 5 աստղանի է, ինտերնէտում էլ այդպէս է նշւած, բայց երբ հասանք տեղ, հասկացանք, որ եթէ այն անկողմնակալ որակաւորում անցնէր 3 աստղի վարկանիշ էլ չէր ստանայ։ Հիւրանոցի ծովափը կեղտոտ էր, յետոյ իմացանք, որ կոյուղին անմիջապէս հանգստի համար նախատեսւած ջրերի մէջ էր թափւում։ Համարում, եթէ ցանկանում ես օդորակիչը միացնել, ապա պէտք է դէպոզիտ ունենաս, սպիտակեղէնը մաքուր չէր, մի խօսքով այդպէս էլ հանգստանում էինք, մինչեւ յուլիսի 16-ը, երբ տեղի ունեցաւ այն, ինչն աշխարհի քաղաքակիրթ որեւէ երկրում չէր կարող պատահել զբօսաշրջիկի հետ։
Նախ ասեմ, որ «Aventura park»-ի տղամարդ աշխատակիցները անտարբեր չէին անցնում հանգստացող կանանց կողքով, յատկապէս ռուս աղջիկների նկատմամբ շատ էին չափերն անցնում, ու նրանց չէր հետաքրքրում աղջիկն ընկերոջ հետ է, կամ թէ՝ ամուսնացած։ Նաեւ այնպիսի տպաւորութիւն էր ստեղծւում, որ պերսոնալը յատկապէս աշխատում էր հաճոյանալ հիւրանոցի տիրոջն ու որդուն, որովհետեւ, որ աղջկայ հետ, որ նրանք ծանօթութիւն էին հաստատում, նոյն աղջիկներին երեկոյեան տեսնում էինք հիւրանոցի տիրոջ կամ նրա տղայի հետ։ Մեզ հետ հանգստանում էին նաեւ երկու ռուսաստանցի աղջիկ, որոնցից մէկը հայուհի էր։ Հիւրանոցի աշխատակիցները, նրանց հետ էլ էին փորձել ծանօթանալ, բայց մերժւել էին։ Յուլիսի 16-ի երեկոյեան աղջիկները նստած էին ընդհանուր սրահում եւ իրենց նոթբուքով ինչ-որ գործ էին անում, երբ մատուցողները մօտեցան ու շատ կոպիտ ձեւով սեղանի վրայից քաշեցին սփռոցը, որ քիչ էր մնում համակարգիչը ընկնէր գետնին։ Աղջիկները բնականաբար նկատողութիւն արեցին, բայց մատուցողները սկսեցին վիճել, ու կոպիտ արտայայտութեամբ ասացին, որ բերանները փակեն։ Յաջորդ սեղանին նստած էին 20 տարեկանի մօտ 4 ռուսաստանցի տղաներ, որոնցից երկուսը հայ էին, ցանկացան պարզել, թէ ի՞նչ է պատահել։ Տղաների հարցին ի պատասխան, թուրքերը հայերին շատ լաւ ծանօթ բառով նրանց ուղարկեցին նստելու իրենց տեղում։ Յաջորդ վայրկեանին քաշքշուկ սկսւեց։ Հիւրանոցի անվտանգութեան աշխատակիցները ոչինչ չարեցին, որ բաժանեն ծեծկռտուքի մասնակիցներին։ 5 աստղանի «Aventura park»-ի պերսոնալում ինչքան տղամարդ աշխատակից կար, ծեծում էին 4 երիտասարդներին, ու այդ ամէնը բոլորի աչքի առաջ էր կատարւում։ Ի վերջոյ հանգստացողներից ոմանք կարողացան բաժանել նրանց, եւ երիտասարդներին տարան ընդհանուր օթեակի խանութներից մէկը։ Այդ ժամանակ ես ու ամուսինս վերադարձանք սենեակ, ու միաժամանակ փորձում էինք կապւել մեծ որդուս՝ 15-ամեայ Յովհաննէսի հետ։ Այդ նոյն պահին Յովհաննէսը, որ դուրս էր եկել հիւրանոցի տարածքից վերադառնում է ընդհանուր օթեակ։ Ծեծւած 4 երիտասարդները, որ մտերմացել էին նրա հետ հիւրանոցում, տեսնելով նրան, խնդրում են, որ ընդհանուր օթեակից բերի վայր ընկած բջջայիններն ու իրերը։ Յովիկը, բնական է, չի մերժում ընկերներին, գնում է, որ վերցնի բջջայինները։ Օթեակում կանգնած հիւրանոցի աշխատակիցներից մէկը կողքով անցնելիս ուսով հարւածում է Յովիկին, եւ ագրեսիւ տոնով աւելացնում, թէ չե՞ս կարող ուշադիր քայլել։ Յովհաննէսի պատասխանին, թէ ինքն ուշադիր էր, թուրքը սկսում է հրել նրան, ու նորից կռիւ է սկսւում։ 20 հոգով ծեծում են անչափահաս տղայիս։ Այդ պահին մեզ հետ հանգստացողներից մի ռուսաստանցի տղամարդ, ազգութեամբ թաթար, փորձում է Յովիկին բարձրացնել գետնից, բայց նրան էլ են ծեծում, ու կոտրում են կողոսկրերը։ Ծեծկռտուքից յետոյ, երբ տեսայ Յովհաննէսին, չճանաչեցի, որովհետեւ դէմքն ամբողջովին այտուցւած էր, ու աչքերը գրեթէ փակւել էին, չնայած մինչեւ նրան սենեակ բերելը, արդէն լւացել էին դէմքի արիւնը։ Դէպքից յետոյ ամուսինս՝ Արթուրը, փորձեց պարզել, թէ ինչ է պատահել։ Նրան եւ մեզ հետ հանգստացող Խաչիկին հիւրանոցի աշխատակիցները կրկին մօտ 20 հոգով կանչեցին հիւրանոցի տարածքից դուրս ու առանց որեւէ բան բացատրելու կռիւ սարքեցին։ Աշխատակիցներից մէկը դանակ էր հանել, իսկ միւսը արցունքաբեր գազ էր փչել Արթուրի աչքերին, ու կրկին նոյն ոհմակով սկսել էին ծեծել։
Կռիւների շարանից կազմւած այդ մղձաւանջը տեւեց մօտ 3 ժամ։ Ոչ մէկին չէի կարողանում դիմել ու բացատրութիւն ստանալ։ Մեզ հետ ամերիկահայ մի կին էր հանգստանում, որ թուրքերէն գիտէր, խնդրեցի, որ նա խօսի հիւրանոցի տիրոջ հետ, ասի որ իր հիւրանոցի աշխատակիցները անօրինականութիւն են անում, ասի, որ մենք կբողոքենք։ «Ո՞ւմ էք բողոքելու, Ալանիայի տարածքում ես պրոբլեմ չունեմ, ում ուզում էք բողոքեք»,- ասաց նա, իսկ երբ իմացաւ, որ Հայաստանից ենք, հայեացքը դարձաւ նողկանք արտայայտող ու ասաց՝ «Եալահ, եալահ»...
Այդ ընթացքում հիւրանոց էր եկել «Tez Tour»-ի աշխատակիցը, ով, ըստ էութեան, ոչինչ չկարողացաւ անել, որ հանգստացնի, կարծես աֆեկտի մէջ ընկած հիւրանոցի աշխատակիցներին։ Նրան ասում եմ, որ Յովհաննէսին բուժօգնութիւն է պէտք, գլխին հարւածներ են հասցրել, քթից արիւն է հոսում, իսկ նա, թէ «ես չեմ կարողանում Հայաստան կապւել, որ ճշտեմ, թէ արդեօք ապահովագրութիւնը ձեւակերպւա՞ծ է, ինքներդ փորձէք կապւել Հայաստան»։ Չօգնեց նաեւ այն, որ ես ցոյց տւեցի ապահովագրութեան մասին վկայող փաստաթղթերը։
Կէսգիշերին մօտ ժամանեցին թուրք ոստիկանները, ու կալանաւորեցին 4 ռուսաստանցի երիտասարդներին, ամուսնուս ու մեզ հետ նոյն հիւրանոցում հանգստացող Խաչիկին, եւ վերջապէս եկան համար, որ կալանաւորեն Յովհաննէսին։ Ինձ թւում էր այդ ամէնը սարսափելի երազ է...
Թուրք ոստիկանին ասում եմ, որ անչափահաս որդուս չի կարող ձերբակալել, որ իրաւունք չունի, իսկ նա, թուրքերէն չգիտեմ ինչ է ասում, ու առաջ է գալիս, որ ձեռնաշղթաներ անցկացնի Յովիկի ձեռքերին։ Նեարդերս տեղի տւեցին, սկսեցի գոռալ նրա վրայ, որ ես նրան ու ամբողջ իրենց ոստիկանութեանը դատի կտամ, որովհետեւ նրանք ապօրինի կերպով ձերբակալում են անմեղներին, որ մեղաւորները հէնց հիմա հիւրանոցի տարածքում իրենց համար ազատ ման են գալիս, որ անչափահասին ձերբակալելը յանցագործութիւն է...
Վերջում ասացի, որ Յովհաննէսի հետ ինձ ու 11-ամեայ որդուս էլ ձերբակալի, որովհետեւ ես իմ երեխաներին մենակ չեմ թողնի։ Ոստիկանը մի պահ նայեց ինձ, յետոյ յետ դարձաւ ու լքեց սենեակը։
Ոստիկանութիւնում ամուսնուս ու Խաչիկին երկար չպահեցին։ «Tez Tour»-ի աշխատակիցն էլ էր մեկնել ժանդարմերիա, ու բանակցել էր, որ Արթուրենց բաց թողնեն։ Արթուրենց բաց էին թողել, բայց փոխարէնը գործն ուզեցել էին բարդել 4 ռուսաստանցի տղաների վրայ, թէ իբր նրանք են կռիւ սարքել, որ հարբած խուլիգանութիւն են արել։ Արթուրենք չգիտեմ ինչ կերպ, բայց համոզել էին ոստիկաններին, որ տղաներին ազատ արձակեն... Համոզւել էին։
Ես ինձ երբէք, այդքան անպաշտպան, մենակ, վիրաւորւած ու անտեսւած չէի զգացել։ Գիշերը լուսացրինք բաց աչքերով, իսկ առաւօտեան, երբ արեւի ճառագայթները լուսաւորեցին ծովն ու ափը, այն ինձ համար էլ նախկին գեղեցկութիւնը չունէր, նոյնիսկ զզւելի էր, նման էր թուրքական լպրծուն քաղցրաւէնիքի, որ արհեստական լոյսերի տակ շատ լաւն ու համեղ է թւում, բայց համտեսելուց յետոյ հիասթափւում ես...
Վերադարձի ճանապարհին չկարողացայ զսպել արցունքներս։ Դէ, խմբի անդամները հետաքրքւեցին, թէ ի՞նչ է պատահել։ Պատմեցի։
Այդ պահին մի կին, որ ճանապարհին գրեթէ չէր շփւում ոչ ոքի հետ, ասաց. «Թող իրանց կարգին պահէին տենց չէր լինի, ես արդէն 5 տարի ա մենակ Թուրքիա եմ գալիս հանգստանալու, իմ հետ տենց բան խի՞ չի լինում։ Համել թող իրանց Հայաստանում նորմալ գներ դնեն, ես էլ իմ փողերը ընդեղ կծախսեմ»։
Ես ապշել էի, ու պատասխանելն անիմաստ էր... Բայց մենք մեր ընտանիքով մի բան որոշեցինք հաստատ։ Թուրքիա, էլ երբէք, որեւէ մէկս ոտք չի դնի»։
P.S. NEWS.am-ը յիշեցնում է, որ Հայաստանը եւ Թուրքիան չունեն դիւանագիտական յարաբերութիւն, եւ Հայաստանի քաղաքացիներն այդ երկրում իրաւական կամ այլ խնդիրների հանդիպելիս, բացարձակ անպաշտպան են։
Կոնստանտին Ամիրաքեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment