Սբ. Մակաբայեցիների յիշատակութեան օրն է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա եօթ որդիների յիշատակութեան օրը: Ինչպէս հաղորդում է Արարատեան հայրապետական թեմի մամուլի դիւանը, Հին կտակարանի այս սրբերի նահատակութեան մասին պատմւում է Մակաբայեցիների երկրորդ գրքի Զ և Է գլուխներում:
Ն. Ք. 2-րդ դարում Հրէաստանը գտնւում էր Սելևկեան իշխանապետութեան ներքոյ: Վիճակն աւելի է սրւում Անտիոքոս Եպիփանի թագաւորութեան օրօք: Նա հրահանգում է, որ իր իշխանութեան ներքոյ գտնւող բոլոր ազգերն ընդունեն յունական մշակոյթն ու պաշտեն յունական աստւածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանայ իր որդիներով ու եղբայրներով ապստամբում է այս որոշման դէմ` հաւատարիմ մնալով Աստծոյ Օրէնքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Յուդան, որն իր քաջագործութիւնների շնորհիւ ստացաւ Մակաբեոս յունական անունը, որ նշանակում է մրճահար, հարւածահար: Հետագայում նրանց ընտանիքին անւանեցին Մակաբայեցիներ:
Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստւածավախ և իմաստութեամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, որն արգելւած էր ըստ հրէական Օրէնքի: Քանի որ նա մանկուց դաստիարակւել էր աստւածային պատւիրաններով ու օրէնքներով, մերժում է այդ առաջարկը` գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակւել իր ընկերներից ու հարազատներից: Երկար կտտանքներ կրելուց յետոյ սուրբն աւանդում է իր հոգին` հետագայ սերունդների համար դառնալով քաջութեան և ներշնչանքի աղբիւր:
Նոյն այս շրջանին է պատկանում մի քաջասիրտ մօր ու նրա եօթ զաւակների նահատակութիւնը: Նրանց էլ Եղիազար քահանայի նման պարտադրում են խոզի միս ուտել, սակայն Շամունան և իր եօթ որդիները հաւատարիմ են մնում իրենց հայրերի հաւատին` արժանանալով կենաց անթառամ պսակին:
ԱՅՍՕՐ, 13:05
Aysor.am

0 Պատգամ: