Փառատօնը Համախմբում է Հայութեանը
Յուլիս 26, 2010թ. 08:12
«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական 4-րդ փառատօնի շրջանակներում յուլիսի 25-ին փառատօնի մասնակիցներն այցելեցին Հայաստանի պատմութեան թանգարան, Երեւանի Ազգային պատկերասրահ, Սերգէյ Փարաջանովի եւ Յովհաննէս Թումանեանի անւան թանգարաններ:
Այցելուների թւում էին Կրասնոդար (Ռուսաստանի Դաշնութիւն) քաղաքից ժամանած «Նարեկ» թատերախումբը, Շուշիի (Արցախ) «Մկրտիչ Խանդամիրեանի» անւան պետական թատրոնի դերասանները եւ Թբիլիսիից (Վրաստան) ժամանած «Ջէյրան» պարային համոյթը:Թբիլիսիի հայերի միութեան վարչութեան եւ Վրաստանի «Վերնատուն» գրական միութեան անդամ, Հայոց լեզւի ու գրականութեան ուսուցչուհի Ռոզա Զոհրաբեանը հարցազրոյցի ժամանակ նշեց, որ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօնը հայերի համար ունի չափազանց կարեւոր նշանակութիւն, քանի որ այն նպաստաում է հայութեան համախմբմանը. «փառատօնն օգնում է պահպանել մեր ազգային լեզուն, ազգային մշակոյթն ու սովորոյթները…»:
Նա սրտանց շնորհակալութիւն յայտնեց Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը, ՀՀ սփիւռքի նախարարութեանը եւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամին այս փառատօնը կազմակերպելու համար:
Շուշիի «Մկրտիչ Խանդամիրեանի» անւան պետական թատրոնի դերասանուհի Անուշ Միրզոյեանը եւս հաւաստիացրեց, որ այս փառատօնը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերում գտնւող հայերին:
«Մենք կարողանում ենք շփւել մեր հայրենակիցների հետ, ծանօթանալ թատերախմբերի ու պարախմբեր հետ, ճանաչել իրար եւ կապեր հաստատել միմեանց հետ, որը կարծում եմ այս փառատօնի կարեւոր նպատակներից մէկն է»,- նշեց տկն. Միրզոյեանը: Նա նաեւ շատ կարեւորեց այցը Հայաստանի տարբեր մշակութային օջախներ, քանի որ փառատօնի մասնակիցներից շատերը առաջին անգամ են Հայաստանում, եւ դա նրանց հնարաւորութիւն է տալիս կարճ ժամանակահատւածում մօտիկից ծանօթանալ ազգային արժէքներին, մշակոյթին:
Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական 4-րդ փառատօնի «Կատարողական արւեստի օրեր» ծրագրի լրատւական կենտրոնը:
ArmAr.am

0 Պատգամ: