Սերժ Սարգսեան.–
Եթէ Ադրբեջանը չընդունի միջնորդների առաջարկները, այլ ճանապարհներ կընտրւեն
«ԼՂ խնդրի կարգաւորումը պէտք է հիմնւի երեք սկզբունքների վրայ՝ տարածքային ամբողջականութիւն, ինքնորոշման իրաւունք եւ ուժի չկիրառում»


Յուլիս 22, 2010 21:29
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն այսօր` Յուլիսի 21-ին Սեւանում հանդիպել է «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստանում գտնւող երիտասարդների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:
Մասնաւորապէս խօսելով ԼՂ խնդրի մասին, Սերժ Սարգսեանն ասել է, որ ներկայումս բանակցային սեղանին են մադրիդեան սկզբունքները, որոնց հիման վրայ Սանկտ Պետերբուրգում ներկայացւել են նոր առաջարկներ ու հիմայ «Ադրբեջանը պէտք է պատասխանի` ընդունո՞ւմ է արդեօք այդ առաջարկները, թէ ոչ»: «Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակւեն բանակցութիւնները, եթէ ոչ՝ ուրեմն այլ ճանապարհներ կընտրւեն։ Այո, բանակցութիւնները շարունակվւում են։ Կան վերջին առաջարկութիւնները, որոնք արւել են Սանկտ Պետերբուրգում։ Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը բանակցութիւնները շարունակելու հնարաւորութիւն է տալիս։ Տեսնենք, թէ Ադրբեջանն ինչ է ասում»,- ընդգծել է ՀՀ նախագահը, յաւելելով, որ Հայաստանը գտնում է, որ Սանկտ Պետերբուրգում արւած առաջարկները հնարաւորութիւն են տալիս շարունակել Ղարաբաղեան հակամարտութեան շուրջ բանակցային գործընթացը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ յայտարարութիւններին, Սերժ Սարգսեանը նշել է, որ դրանք, հիմնականում, կա’մ ներքին սպառման, կա’մ ժողովրդի, կա’մ ցանկացածը` որպէս իրականութիւն ներկայացնելու համար են:
Նրա խօսքով, Ալմաթիում ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների յայտարարութիւնը նոյնպէս փաստում է, որ ԼՂ խնդրի կարգաւորումը պէտք է հիմնւի երեք սկզբունքների վրայ՝ տարածքային ամբողջականութիւն, ինքնորոշման իրաւունք եւ ուժի չկիրառում։ Բացի այդ, նշւել է, որ այդ երեք սկզբունքների հաւասարազօր են եւ որեւէ սկզբունք չի կարող լինել գերակայ միւսների նկատմամբ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: