ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՍԿէ ՁՈՒՆ
Մինչ Հայաստանի իշխանութիւնը երկու տարի շարունակ խօսում է մրցունակութեան, խոշոր բիզնէսը թիրախ դարձնելու, տնտեսական հաւասար հնարաւորութիւնների, մենաշնորհները վերացնելու եւ այլնի մասին, Հայաստանում մեծ հանդիսաւորութեամբ նշւեց հերթական մենաշնորհի ծնունդը:
Հայաստանի համեմատաբար ազատ ու մրցակցային` հաւի ու ձւի շուկայում խոշոր ձեռնարկութիւններից մէկը, դեմպինգ իրականացնելով, այսինքն գցելով ձւի գինը, կլանեց սնանկացման վտանգի տակ յայտնւած այլ նմանատիպ ձեռնարկութիւնների: Մնում է, որ այդ ձեռնարկութեան սեփականատէրն առաջիկայ ընտրութեանը դառնայ Ազգային ժողովի պատգամաւոր (աններելի է, որ նա ԱԺ-ում չլինի), եւ Հայաստանը հանդիսաւորութեամբ կնշի նոր օլիգարխի ծնունդը:
Իշխանութիւնն, իհարկէ, կասի, որ սա շուկայական երեւոյթ է, եւ ինքը չի միջամտում: Ձեռքի հետ էլ կմեղադրի հասարակութեանը` անհրաժեշտ գիտակցութեան բացակայութեան մէջ: Միջազգային ֆինանսական կազմակերպութիւններին էլ կշարունակի համոզել, որ պայքարում է մենաշնորհների դէմ, բայց մեծ է համակարգի դիմադրութիւնը, անհրաժեշտ մեխանիզմներ չկան եւ այլն:
Սակայն, սա ամենեւին էլ հաւի ու ձւի յաւերժական վէճը չէ: Խնդիրը բաւական պարզ է` այդ շուկայում, ըստ մասնագէտների, տարեկան մօտ 15 միլիոն դոլար հասոյթ կայ, եւ չարժէ, այն էլ ընտրութեան նախօրէին, "բաժան-բաժան" անել այդ գումարը: Իսկ այն շատ է պէտք գալու, այն ամէնի համար, ինչ կատարւում է ընտրութեան ժամանակաշրջանում` ստւերային "նալոգի", ընտրամեքենան անխափան աշխատեցնելու եւ այլնի ձեւով:
Ինչ վերաբերում է ձւի գնին, ապա այն արդէն կենթարկւի ոչ թէ շուկայական, այլ համակարգային տրամաբանութեանը, ինչպէս մնացեալ ամէն ինչը: Եւ չի բացառւում, որ հետագայում համաշխարհային թանգարանները կռիւ կտան Հայկական աշխարհի ձուն իրենց հաւաքածուներում ունենալու համար:
«Լրագիր»

0 Պատգամ: