ՀՅԴ ՄԱՄՈՒԼ
Բանակցային գործընթացի նոր
տրամաբանութեան որոնումներ
Հայ-ադրբեջանական բանակցութիւնների վերջին զարգացումները, այդ թւում՝ Աստրախանում կայացած եռակողմ հանդիպումը, վկայում են, որ բանակցային ձեւաչափի փոփոխութեան որոշ փորձեր են նշմարւում: Բանակցային տրամաբանութիւնն է, առհասարակ, թելադրում բանակցութիւնների ձեւաչափը, հետեւաբար՝ վերջնիս փոփոխման ազդանշանները, իրականում, բանակցային առկայ տրամաբանութեան ձախողման նախանշաններ են:
Ադրբեջանը, ոգի ի բռին, չի ուզում ընդունել «ինքնորոշման սկզբունքը» եւ այս կապակցութեամբ ուղղակի կամ անուղղակի բազմաթիւ ակնարկներ է արել, քարոզչական հնարքներ յօրինել եւ դիւանագիտական խաղեր մոգոնել: «Տարածքային ամբողջականութեան սկզբունքը» կորցնում է իր իմաստը, երբ աստիճանաբար պարզւում է հակամարտութեան բնոյթը եւ հակամարտող կողմերի իրական հասցէները:
Քաղաքական ամենաանտեղեակ գործիչներն անգամ, հարցին մի փոքր առնչւելով, հասկանում են, որ բուն հարցը ոչ թէ Հայաստան-Ադրբեջան տարածքային վէճն է, այլ՝ արցախահայութեան լիակատար ինքորոշման ցանկութիւնը: Այս իրողութիւնը, իհարկէ, բոլորովին էլ չի արդարացնում հայկական կողմի քարոզչութեան թուլութիւնը: Մինչդեռ, նորանոր դռներ բախելու, նորանոր ականջներ որսալու ադրբեջանական այս մարտավարութիւնը պարզորոշ վկայում է առկայ գործընթացում «տարածքային ամբողջականութեան սկզբունքի» ոչ-առաջնային նկատւելու, երկրորդ պլան մղւելու իրողութեան մասին:
Յայտնի է, որ «ռազմական ճանապարհով լուծումների բացառման սկզբունքը» մի քանի անգամ խախտւել է բացառաբար Ադրբեջանի կողմից: Այս սկզբունքի որդեգրման մասին առայժմ զուր է խօսել, քանի դեռ բացայայտ խախտողը շարունակում է մնալ անպատիժ:Բանակցային գործընթացի շարունակման մի տարբերակը կարող է լինել այն, որ կողմերը շարունակեն պահպանել բանակցութիւնների ե՛ւ տրամաբանութիւնը, ե՛ւ ձեւաչափը:
Գործող այս տարբերակն է, որ առայժմ յաջողութիւն չի արձանագրում:Բանակցային գործընթացի շարունակման երկրորդ ուղղութիւնն այն է, որ փոխւեն ե՛ւ տրամաբանութիւնը, ե՛ւ ձեւաչափը: Այս տարբերակին է ձգտում Ադրբեջանը, դիւանագիտական իր լայն հնարաւորութիւններով եւ Թուրքիայի հովանաւորութեամբ: Այս տարբերակով Ադրբեջանը փորձելու է ապահովել գերակայութիւն՝ նոր ձեւաչափի շնորհիւ հասնելով տրամաբանութեան փոփոխմանը:
Հայկական կողմի համար ամենաձեռնտու տարբերակը հետեւեալն է՝ առայժմ պահելով բանակցային ձեւաչափը՝ հետեւողական քայլերով փոխել բանակցային տրամաբանութեան սկզբունքները կամ գոնէ ճշտել խնդրոյ առարկայ սկզբունքների առաջնայնութեան հարցը: Պէտք է յամառօրէն արծարծել բանակցային գործընթացում ԼՂՀ-ի ուղղակի մասնակցութեան խնդիրը:
Այսպիսի դիրքի ապահովումը, ինքնաբերաբար, առաջնային է դարձնելու «ինքնորոշման իրաւունքի սկզբունքը»:Պահելով հարցի «ռազմական ճանապարհով լուծման բացառման սկզբունքը», զուգահեռաբար, պէտք է շեշտել հարցի իրաւական հիմունքները եւ առաջ քաշել իրաւականութեան սկզբունքը: Այս առումով որոշ տեղաշարժ է նկատւում հայկական կողմի վարած քաղաքականութեան մէջ: ՀՀ նախագահը իր հոկտեմբերի 16-ի ելոյթում պատմական հիմնաւորումներ ներկայացրեց Արցախեան հիմնահարցի առնչութեամբ:
Այս գնահատելի նախադէպին, մեր համոզմամբ, պէտք է յաջորդեն պատմագիտական եւ իրաւագիտական հիմնաւորումներ:Պատմագիտութեան բնագաւառում պէտք է հաշւի առնել այն պարզ ճշմարտութիւնը, ըստ որի՝ Արցախը Հայաստանից անջատելու եւ Ադրբեջանին կցելու լենին-ստալինեան որոշումը մի կերպ արդարացնելու եւ խելամիտ ներկայացնելու նպատակով՝ խորհրդային պատմագիտութիւնը, իր ողջ մեխանիզմով, տասնամեակներ շարունակ յօրինել ու յօրինել է տարաբնոյթ հիմնաւորումներ, տարածել ու տարածել դրանք եւ արդիւնքում՝ ձեւաւորել «սկզբնաղբիւրներ»-ի այնպիսի մի արկղ, որից կարելի է դուրս բերել անգամ այլազգի հեղինակների՝ է՛լ ազգագրական, է՛լ մարդաբանական, է՛լ աշխարհագրական, է՛լ… տարաբնոյթ փաստարկներ ու հակափաստարկներ մեր հիմնաւորումների դէմ:
Այս դաշտում համապատասխան լրջութիւն է պահանջւում:Իսկ իրաւագիտական իմաստով՝ «հարցին մատների արանքով նայելու» վարքագիծը արդէն անթոյլատրելի է: Բազմիցս այս մասին խօսելուց ու կրկնելուց յետոյ, ցաւօք, դեռեւս չի լսւում իրաւագիտական հիմնաւորումների մեր ծանր հրետանու որոտը:
«ԴՐՕՇԱԿ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ,
2010 Թ. ՆՈՅԵՄԲԵՐ
0 Պատգամ:
Post a Comment