120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

Դաշնակցութիւնը՝ հայապահպանման

հրամայականի առջեւ




19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
1921 թւականից յետոյ՝ արդէն տապալւել էր անկախ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Բոլշեւիկեան Ռուսաստանի ու Քեմալական Թուրքիայի գաղտնի համաձայնութեամբ՝ Արեւելեան եւ Արեւմտեան Հայաստանը բաժանւեց հայ ժողովրդի թշնամի պետութիւնների միջեւ:

Եթէ Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը նոր պայմանների բերումով՝ հրաժարւել էր Հայկական Հարցից, ապա հետզհետէ Սփիւռքում կազմաւորւող հայկական օջախները ստանձնեցին ազգային-ազատագրական պայքարի շարունակման պատասխանատւութիւնը, իսկ Հայ Դատի լուծման համար մղւող նոր պայքարի ղեկավարութիւնը մնում էր Հ. Յ. Դաշնակցութեան:

Հ. Յ. Դաշնակցութիւնը իր գաղափարական եւ քաղաքական հանգանակով իր բարոյական օրինակով ու գործով եղաւ գլխաւոր կերտողը հայ ազգի նոր մարտավարութեան եւ աներեր պաշտպանը Սփիւռքի ազգային միութեան կայացման գործում: Հայաստանում սովետական կարգեր հաստատւելուց յետոյ՝ ամբողջ տասնամեակներ հայկական գաղթօջախներն ապրում էին կտրւած հայրենիքի հողից. աւելին՝ կտրւած նաեւ Խորհրդային Հայաստանից:

Հայրենիքից ու ազգային պետականութիւնից զրկւած հայ գաղթականութիւնը մէկ անգամ եւս Դաշնակցութեանը բերել էր հայապահպանման եւ ազգային դատի հետապնդման հրամայականի առջեւ: Վտարանդի հայ մտաւորականութիւնը եւ դաշնակցական գործիչները անցնելով Սփիւռքի հայկական գաղթօջախները իրենց վրայ վերցրին գաղթօջախների յաւելեալ կազմակերպումը եւ հայացումը: Տարագրութեան տարիներում Հ. Յ. Դաշնակցութիւնը ձգտում էր իրականացնել մէկ հայութեան գաղափարը:

Այն պահանջում էր մէկ մշակոյթի արժեւորում եւ միաւորում՝ Միջին Արեւելքից մինչեւ Եւրոպա եւ Ամերիկա:Հ. Յ. Դաշնակցութեան գործիչները բարոյական շիտակութեամբ ու ազգային գաղափարախօսութեան վճռակամութեամբ լծւեցին ազգի կազմակերպման գործին: Նրանք հայկական գաղթօջախներում հրատարակեցին թերթեր եւ ամսագրեր, հիմնեցին դպրոցներ ու միութիւններ եւ հայկական ոգով սերունդներ դաստիարակեցին:

Սփիւռքում Հ. Յ. Դաշնակցութեան կենսունակութիւնը կայացաւ վերադարձ դէպի ազատագրութիւն Հայաստանի եւ հայութեան, յեղափոխական եւ գաղափարական կուռ կազմակերպութիւն, բարոյական քաջութիւն՝ յարատեւ պայքարի ճամբի վրայ, ժողովրդի դաստիարակութիւն եւ անարդարութեան վերացում՝ այս ոգով ու օրինակով:


«ԱԼԻՔ»

0 Պատգամ: