Դաւութօղլուն սպառնում է.

Հայկական բանաձեւը ԱՄՆ Կոնգրէսում

անցնելու դէպքում աշխարհը

կտեսնի մեր քայլերը



Դեկտեմբեր 18, 2010 20:20
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն մասնակցել է իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան Կոնիայի նահանգային կառոյցի համագումարին, որի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրէսում հայկական բանաձեւի՝ քննարկման օրակարգ բերելու հետ կապւած հարցերին։ Թուրքական Dikkathaber-ի փոխանցմամբ՝ Դաւութօղլուն հաստատել է, որ անձամբ հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ խնդրելով ամէն ինչ ձեռնարկել հայկական թիւ 252 բանաձեւի կանխարգելման համար։ «Ես բացէիբաց նշեցի, որ հայկական բանաձեւի օրակարգ գալը լրջօրէն կվնասի մեր թուրք-ամերիկեան յարաբերութիւնները։ Տիկին Քլինթոնը նշեց, որ բոլոր ջանքերը կգործադրի՝ կանխելու նման զարգացումները»,- նշել է Դաւութօղլուն։
Լրագրողներից մէկի հարցին, թէ բանաձեւը ընդունւելու դէպքում, Թուրքիայի արձագանքը ի՞նչպիսին կլինի, Դաւութօղլուն պատասխանել է. «Այդ ժամանակ աշխարհը կտեսնի Թուրքիայի արձագանքը, սակայն յոյս ունեմ, որ նման բան չի լինի»։
Նշենք, որ երէկ յայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութեան հարցով առաջիկայ 48 ժամւայ ընթացքում քւէարկութեան անցկացման մասին տեղեկութիւնը իրարանցում է առաջացրել Թուրքիայի ԱԳՆ-ում։
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նանսի Փելոսին աշխատանքներ է տանում մինչ այս Կոնգրէսի աշխատանքների աւարտը քննարկման դնել հայկական թիւ 252 բանաձեւը։ Կոնգրէսը իր անդամների այս կազմով կաշխատի մինչեւ դեկտեմբերի 21-ը, սակայն օրակարգում կան բազմաթիւ օրէնսդրական նախաձեռնութիւններ, որոնք պէտք է անպայման քննարկւեն, որի պատճառով հնարաւոր է, որ Կոնգրէսի աշխատանքները եւս մի քանի օրով երկարաձգեն։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: