Օտարալեզու դպրոցների ստեղծումը անսքող

մարտահրաւէր է մեր պետական լեզւին



«ՀՀ-ում օտարալեզու դպրոցների ստեղծումը ցանկացած տեսքով և ցանկացած քանակով պիտի համարել վնասակար, անթոյլատրելի և ՀՀ Սահմանադրութեանը հակասող»



Դեկտեմբեր 6, 2010թ. 11:59
Այսօր` դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովի հերթական քառօրեայ նիստերի օրակարգում ընդգրկւած է «Լեզւի մասին» եւ «Հանրակրթութեան մասին» օրէնքներում փոփոխութիւնների օրինագիծը, որով նախատեսւում է բացել օտարալեզու դպրոցներ:
Ինչպէս տեղեկացրել ենք «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է բողոքի ցոյց Ազգային ժողովի յարակից տարածքում:
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին յայտնի դարձաւ, որ օրերս ՀՀ Հանրային Խորհրդի Կրօնի, սփիւռքի և միջազգային ինտեգրման յանձնաժողովի Պատմական-ազգային արժէքների, յուշարձանների պահպանութեան, պատկանելութեան և օգտագործման խնդիրների ենթայանձնաժողովը որոշում է կայացրել ՀՀ հանրակրթութեան համակարգում պետական օտարալեզու դպրոցների ստեղծման վտանգաւոութեան մասին:
Որոշման մէջ ասւում է.
ՀՀ Կրթութեան և գիտութեան նախարարութեան նախաձեռնութիւնը` ՀՀ հանրակրթական համակարգում ստեղծել օտարալեզու դպրոցներ` հիմնաւորւած չէ և բացարձակապէս անընդունելի է բոլոր առումներով:
Օտարալեզու դպրոցների ստեղծումը անսքող մարտահրաւէր է Հայաստանում Հայոց լեզւի գերակայութեան գաղափարին և Հայոց լեզւի` որպէս պետական լեզւի սահմանադրօրէն և օրէնսդրօրէն ամրագրւած սկզբունքին:
Օտարալեզու դպրոցների ստեղծումը է′լ աւելի կուժեղացնի այսօր իսկ գոյութիւն ունեցող անվստահութիւնը Հայոց լեզւի հանդէպ, մեծապէս կնպաստի օտարամոլութեան արմատաւորմանը:
Օտարալեզու դպրոցների ստեղծումը մեծապէս կվնասի նաև Հայ ազգային մշակոյթի հետագայ զարգացմանը: Նման դպրոցների առկայութիւնը լուրջ խնդիրներ կառաջացնի ազգային անվտանգութեան բնագաւառում:
Օտարալեզու դպրոցների ստեղծումով աւելորդ լարւածութիւն կառաջանայ Հայ հասարակութեան մէջ, ինչպէս նաև կբազմապատկւեն կրթական համակարգում այժմ արդէն ցայտունօրէն դրսևորւող կոռուպցիոն երևոյթները:
Ելնելով վերոշարադրեալ նկատառումներից, ՀՀ ՀԽ Կրօնի, սփիւռքի և միջազգային ինտեգրման յանձնաժողովի Պատմական-ազգային արժէքների, յուշարձանների պահպանութեան, պատկանելութեան և օգտագործման խնդիրների ենթայանձնաժողովը որոշում է.–

1. ՀՀ-ում օտարալեզու դպրոցների ստեղծումը ցանկացած տեսքով և ցանկացած քանակով համարել վնասակար, անթոյլատրելի և ՀՀ Սահմանադրութեանը հակասող:

2.
Օրէնսդրօրէն ամրագրել, որպէսզի հետայսու ՀՀ Կրթութեան և գիտութեան նախարարի թէ′ միջնակարգ, թէ′ բարձրագոյն կրթութիւնը պարտադիր կերպով լինի հայկական:


ArmAr.am

0 Պատգամ: