Մեծ հանդիսութեամբ նշւեց

«Ռուբէն» Երիտասարդական միութեան

30-ամեակը


«Ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայիր նրա

երիտասարդութեան»

(ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ)

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բեկումնային ժամանակաշրջանում Սփիւռքի տարբեր շրջաններում հիմնադրւեցին Երիտասարդական միութիւններ: Այդ թւում նաեւ 1980 թւականին հիմնադրւեց «Ռուբէն» Երիտասարդական միութիւնը՝ նւիրեալ դաշնակցականի՝ Ռուբէն Տէր-Մինասեանի անւամբ:
Միութիւն, որը երեք տասնամակներ անց ամուր կառչած մնալով իր գաղափարներին՝ շարունակում է ակտիւ գործունէութիւն ծաւալել Հայ Դատի միջազգայնօրէն ճանաչման, հայապահպանման եւ համայնքի երիտասարդների համախմբան ուղղութիւններով:

Միութեան 30-ամեակը տօնելու համար՝ ուրբաթ, նոյեմբերի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ՌԵՄ-ի վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր մի ձեռնարկ, որին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Տ. Անանիա աբղ. Գուճանեանը, Տ. Վազգէն քհնյ. Քեօշկերեանը, Հայ Դատի յանձնախմբի պատասխանատուներ, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ, Թեհրանից ժամանած հիւրեր, ՌԵՄ-ի անդամները եւ հոծ թւով երիտասարդներ ու ժողովուրդ:

Յոբելեանական հանդիսութեան սկզբում ներկաները յոտնկայս ունկնդրեցին ՀՅԴ-ի քայլերգ «Մշակ բանւոր»-ը: Այնուհետեւ ցուցադրւեց «Ռուբէն» Երիտ. միութեան նախաձեռնութեամբ պատրաստւած մի տեսանիւթ, որն անդրադառնում էր միութեան հիմնադրմանը եւ առաջին սերունդի կատարած աշխատանքներին ու յուշերին: Միութեան առաջին սերունդի ներկայացուցիչները պատմելով օրւայ դժւարին պայմանների ներքոյ կատարած աշխատանքների մասին՝ թարմացրեցին իրենց գաղափարակից ընկերների անմոռանալի յուշերը:

Այնուհետեւ յանուն «Ռուբէն» Երիտ. միութեան բացման խօսքով հանդէս եկաւ նոյն միութեան անդամ Կարէն Խանլարեանը: Նա բարիգալստեան խօսքերից յետոյ այսպէս արտայայտւեց. «Սերունդներ են դաստիարակւել ու կոփւել «Ռուբէն» Երիտ. միութեան շարքերում, որոնց մի մասը այսօր մեզ հետ է, այս սրահում: Տարիների ընթացքում փոխւել են սերունդները, փոխւել է աշխատանքների ոճը, բայց չեն փոխւել սերնդէսերունդ մեզ փոխանցւած գաղափարներն ու արժէքները»:

Բացման խօսքից յետոյ՝ բեմ հրաւիրւեց Լալա Օհանեանը՝ «Ռուբէն» Երիտ. միութեան վարչութեան խօսքն ընթերցելու համար: Վարչութեան խօսքում ընդգծւած էր. «Մենք գիտակցում ենք, որ երիտասարդութեան մարդակերտ եւ ազգակերտ առաքելութեան, նրա մտաւորական ու գաղափարական ստեղծագործ ուժի, հասարակական, քաղաքական թէ մարտական անկապտելի սլացքների արտայայտութիւնն է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ամբողջ պատմութիւնը, որն սկիզբ առաւ իր իսկ ծնունդով:

Վկան՝ նրա երիտասարդ հիմնադիրները, որոնք հազիւ իրենց կեանքի քսանական տարիներում, մտային, գաղափարական ու կազմակերպական մեծ ներուժով զինւած, խիզախօրէն գծեցին հայութեան ազատագրական պայքարի նոր ուղին: Աւանդութիւնը շարունակւեց նաեւ հետագայում՝ Սփիւռքում:

Հայ ազգային դիմագծի, հայոց լեզւի ու մշակոյթի անաղարտ պահպանման առօրեայ ճիգերի կողքին, Հայ Դատի հետապնդման աշխատանքները եւ կրկին Հայրենիքում՝ անկախ պետականութեան ամրապնդման ու Արցախեան ազատամարտի հերոսական էջերը գրւեցին դաշնակցական երիտասարդութեան ընդգծւած մասնակցութեամբ: Նայեցէք ձեր շուրջը եւ կը տեսնէք նրանց ձեր շարքերում»: Երեկոյի բանախօսական բաժնում, որպէս բանախօս, հանդէս եկաւ շրջանիս Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Նոէլ Մինասեանը:

Նա բացատրելով Երիտասարդական միութեան կարեւորութիւնը եւ քաղաքական ու յեղափոխական շարժումներում երիտասարդների դերակատարութիւնը՝ հակիրճ տեղեկութիւններ փոխանցեց ՀՅԴ Երիտասարդական միութիւնների ստեղծման պատմական անցեալի կապակցութեամբ: Նոէլ Մինասեանն ասաց. «Երիտասարդական շարժումները մեծ թռիչք եւ զարգացում են արձանագրել Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, ի մասնաւորի 70-ական թւականներին, առհասարակ համաշխարհային քաղաքականութեան կեանքում երիտասարդութեան մէջ նկատւում է մեծ քաղաքականացում: Այդ ժամանակահատւածի երիտասարդութիւնը իր իդէալներով եւ գաղափարներով ամենուրեք պայքարի առաջին դիրքերում է եղել:

Եթէ ուսումնասիրենք այդ ժամանակահատւածի քաղաքական եւ յեղափոխական շարժումները, կը նկատենք, որ երիտասարդութիւնը այդ բոլոր շարժումների առաջամարտիկը եւ ղեկավարն է եղել»: Բանախօսը մի այլ բաժնում ասաց.«Դաշնակցութեան հիմնադիրները եղել են երիտասարդներ: Դաշնակցութեան քաղաքական եւ ազատագրական կեանքում միշտ առաջնահերթ դերակատարութիւն են ունեցել երիտասարդները:

Սկզբնական ժամանակաշրջանում Դաշնակցութեան մօտ երիտասարդական կառոյցների կարեւորութիւնը դրսեւորւեց Ուսանողական միութիւնների հիմնադրութեամբ: Երիտասարդական առանձին կառոյցներ ստեղծելու գաղափարը առաջին անգամ առաջացել է 1929 թւականին՝ 11-րդ Ընդհանուր ժողովում: Հետագայում այդ գաղափարն իրականացւել է մասնաւոր կերպով եւ առաջինը հիմնադրւել է 1930 թւականին՝ Եգիպտոսում, իսկ երկրորդը՝ 1933 թւականին, ԱՄՆ-ի արեւելեան եւ արեւմտեան շրջաններում»:

Բանախօսական ելոյթից յետոյ՝ իրագործւեց գեղարւեստական ծրագիր, որում «Անի» նւագախմբի նւագակցութեամբ յեղափոխական ոգեշնչող երգերով ելոյթ ունեցաւ երիտասարդ երգիչ Արթին Քեշիշեանը: Գեղարւեստական բաժինը համեմւեց ՌԵՄ-ական ընկերներ՝ Վեհանուշ Աւետումեանի եւ Լալագէ Իսաղուլեանի մէկական կատարումներով:

Արդարեւ, բոլոր կատարումները ցնցեցին ներկաներին եւ յիշարժան պահեր պարգեւեցին նրանց: Ձեռնարկի աւարտին կից սրահում ներկաները առիթ ունեցան դիտելու ՌԵՄ-ի պաշտօնաթերթ «Դէպի Երկիր»-ի տպագրման հին եւ նոր սարքերից, ինչպէս նաեւ կատարած աշխատանքների լուսանկարներից բաղկացած ցուցահանդէսը, որն ապացուցում էր, որ երիտասարդ դաշնակցականը անհնարինը հնարաւոր դարձնելու վճառականութեամբ աշխատել է եւ աշխատելու է ի խնդիր Հայ Դատի արդարացի լուծման եւ հայապահպանման:

ՌԵՄ-ին մաղթում ենք յարատեւ ու շարունակական ճախրանք եւ նորանոր բարձունքների նւաճում:


ԹՂԹԱԿԻՑ

(ՆՈՐ ՋՈՒՂԱ)

«ԱԼԻՔ»






0 Պատգամ: