Իսրայելի Իշխանութիւնները Հերթական Անգամ Կանխակալ Մօտեցում Են Ցուցաբերում



11:21 / 11.09.2009
Երուսաղեմի Հայկական պատրիարքարանը վերջերս բողոք է յայտնել հայ երկու ճեմարանականների արտաքսման վերաբերեալ Իսրայելի ԱԳՆ-ի ընդունած որոշման կապակցութեամբ,- հաղորդում է ԱՄՆ հայ համայնքի «Ասպարէզ» թերթը։
Ճեմարանականները կռւի են բռնւել երիտասարդ հրէայի հետ այն բանից յետոյ, երբ վերջինս թքել է իր կողքով անցնող կրօնական թափորի ուղղութեամբ։
Պատրիարքարանի մամլոյ քարտուղար, Հայր Բագրատ Բուրժեկեանը նշել է, որ սա առաջին դէպքը չէ, երբ Քրիստոնեայ հոգեւորականութեան ներկայացուցիչները ենթարկւում են ոչնչով չհրահրւած ագրեսիայի հրէաների կողմից։ Բուրժեկեանն ընդգծել է նաեւ, որ նման թշնամական դրսեւորումների են ենթարկւում ոչ միայն հոգեւորականութիւնը, այլ նաեւ խաչ կրող հայկական համայնքի միւս ներկայացուցիչները։
Իսկ ինչ վերաբերում է ճեմարանականների հետ կատարւածին, ապա այն տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, երբ նրանք սբ. Յովհաննէս մենաստան էին վերադառնում սբ. Յարութեան տաճարում մատուցած պատարագից յետոյ։ Երբ թափորն արդէն մօտեցել է մենաստանին, ծայրահեղականօրէն տրամադրւած հրէան թքել է թափորի ուղղութեամբ։
Ծեծկռտուքի արդիւնքում ոստիկանութիւնը ձերբակալել է հայ ճեմարանականներին՝ մէկ օր պահելով նրանց։ Այնուհետեւ տեղեկացրել է Հայոց Պատրիարքարանին, որ գործը կը հասնի դատարան, որից յետոյ յայտարարւել է, որ երկրի ՆԳՆ-ն որոշել է արտաքսել ճեմարանականներին։ Ճիշտ է, յետոյ փոխել է իր որոշումը…
Բագրատ Բուրժեկեանը նշել է, որ նման դէպքերը վերջին մի քանի տարիներին պարբերական բնոյթ են կրում, սակայն իրաւապահ մարմինները աչք են փակում դրա վրայ։ Դեռ աւելին, ըստ հոգեւորականի, Իսրայէլի ՆԳՆ-ն հետաձգում է Լիբանանում, Սիրիայում ու Յորդանանում ծնւած հայ վանականների մուտքի թոյլտւութեան ժամկէտի երկարաձգումը՝ հոգեկան ու ֆիզիկական մեծ ցաւ պատճառելով նրանց։
Բուրժեկեանը լուրջ ու հիմնաւոր կասկածներ ունի, որ Հայ հոգեւորականութեան նկատմամբ անյարգալից վերաբերմունք ու ագրեսիա ցուցաբերելը կարող է աճել ու տարածւել արդէն եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների եւ բարձրաստիճան այլ եկեղեցականների վրայ։
Մեզ էլ մնում է միայն ցաւ յայտնել ուղղահաւատ հրէաների՝ քաղաքացիների ու պաշտօնեաների, գործողութիւնների կապակցութեամբ։ Իսկական կրօնականութեան մասին վկայում են ոչ թէ կեղծաւոր խօսքերը, այլ մարդու զգացմունքներն ու գործողութիւնները։ Ոչ մի կասկած չկայ, որ երիտասարդ հրէան, որը թքելու ժամանակ կրել է հրէական աւանդական թասակ, կանոնաւոր կերպով յաճախում է սինագոգ եւ աղօթում է։ Սակայն, եթէ նա փորփրի հնգամատեանը, որը, ամենայն հաւանականութեամբ, շատ է յարգում (խօսքերով), ապա ոչ մի տեղ Մովսեսի օրէնքում չի գտնի դրոյթներ, որոնք պատւիրում են անհանդուրժողականութիւն ու գռեհկութիւն ցուցաբերել այլ հաւատքի ներկայացուցիչների նկատմամբ։


NEWS.am

0 Պատգամ: