Հայաստանում տարեկան գրանցւում է մանկական քաղցկեղի նոր 100 դէպք


«Փակեցին, վերացրեցին մանկական ուռուցքաբանութեան
դասաւանդումը համալսարանում, առանց հիմնաւորման
եւ բացատրութեան»


Յունիս 14, 2010 13:12
Հայաստանում տարեկան գրանցւում է մանկական քաղցկեղի նոր 100 դէպք: Յունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի վիճակագրական տւեալներ ներկայացրեց Ուռուցքաբանութեան ազգային կենտրոնի մանկական ուռուցքների եւ քիմիաթերապիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Գրիգորի Բադալեանը:
Վերջինս նշեց, որ ուռուցք ունեցող մանուկների միայն 60- 65 տոկոսին է յաջողւում լիովին բուժել: Իսկ ընդհանուր առմամբ, Բադալեանի խօսքով, մանկական ուռուցքների եւ քիմիաթերապիայի բաժնում տարեկան բուժւում են 200-250 երեխայ: Մանկական ուռուցքաբանի խօսքով, մինչեւ 16 տարեկան երեխաների մօտ հիմնականում լինում են գլխի տուփի, միջնորմի, կամ որովայնի ուռուցքներ:
Գրիգորի Բադալեանը նշեց, որ ամենաշատ ուռուցքներ հիմնականում յայտնաբերւում են 2-4 տարեկան երեխաների մօտ եւ դրանք հիմնականում լինում են բնածին: Քացկեղ յաճախ հանդիպում է նաեւ 10-12 տարեկանների մօտ:
Չարորակ ուռուցքով` քաղցկեղով երեխաների բուժումը կատարւում է պետպատւէրի շրջանակում, որի համար պետութիւնը ամէն հիւանդի տրամադրում է 170 հազար դրամ: Բադալեանի հաւաստմամբ, դա որոշ հիւանդների դէպքում բաւականացնում է, որոշների դէպքում` ոչ:
Գրիգորի Բադալեանը մտահոգիչ է համարում Երեւանի Մխիթար Հերացու անւան բժշկական համալսարանում ուռուցքաբանութեան ամբիոնի փակումը, որտեղ դասաւանդւում էր նաեւ մանկական ուռուցքաբանութիւն: Պրոֆեսորի կարծիքով, դա կարող է աղէտալի հետեւանքեր ունենալ, քանի որ համապատասխան մասնագէտները քիչ են, իսկ հիմա այլեւս չեն պատրաստւի:
«Փակեցին, վերացրեցին մանկական ուռուցքաբանութեան դասաւանդումը համալսարանում, առանց հիմնաւորման եւ բացատրութեան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ շատ կարեւոր է Հայաստանում մանկական ուռուցքաբանութեան մէկ ընդհանուր կենտրոնի ստեղծումը: «Պէտք է միացնել եւ կենտրոնացնել բոլոր ուժերը: Մեր փոքրիկ երկրում չպէտք է լինեն առանձին բաժիններ, պէտք է լինի մանկական ուռուցքաբանութեան մէկ ուժեղ կենտրոն, որը հաւաքագրի քաղաքացիներին, հովանաւորներին ու պետական աջակցութիւնը»,-նշեց նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: