Թուրքիան իրաւունք չունի խօսել շրջափակումներից

«Ցաւօք համաշխարհային քաղաքականութեան մէջ շատ յաճախ ենք ականատես լինում երկակի ստանդարտների, մօտեցումների գործելաոճին, և դա, եթէ վերցնենք զուտ քաղաքական ազնւութեան կամ բարոյականութեան տեսակէտից, բնականաբար դատապարտելի է, բայց պատմութիւնը և աշխարհը ստեղծւել են այնպէս, որ քաղաքական շահերը, մեծ հաշւով շատ աւելի առաջնային և գնահատելի են»,- անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջին օրերին հնչող այն յայտարարութիւններին, թէ Իսրայէլը պէտք է ապաշրջափակի Գազայի շրջանը՝ Aysor.am-ին յայտնեց ԱԺ պատգամաւոր, ՀՀԿ խմբակցութեան անդամ Արտակ Զաքարեանը:
«Ինչպէս ասում են՝ նպատակը արդարացնում է միջոցները, և ցաւօք համաշխարահային քաղաքականութիւնը հէնց այս գաղափարն է առաջ տանում: Մենք էլ ունենք մեր խնդիրները, որոնց նկատմամբ միջազգային հանրութիւնը շատ յաճախ երկակի չափանիշներ է կիրառում՝ նկատի ունեմ ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում, այս վերջին 16 տարիների զարգացումների ընթացքում տեղի ունեցած իրողութիւնները»,- ասաց նա:
Խորհրդարանականի խօսքերով, այստեղ բնականաբար պէտք է նշել, որ իրականում Թուրքիան այն երկրներից է, որն ընդհանրապէս իրաւունք չունի խօսել շրջափակումներից, որովհետև 1993 թւականից մինչ օրս Թուրքիան Հայաստանին անհիմն շրջափակման մէջ է պահում, ինչի հետևանքով ահռելի տնտեսական վնասներ է հասցնում, ինչպէս տարածաշրջանին, այնպէս էլ Հայաստանին:
«Կարծում եմ, որ Թուրքիայի նման գործելաոճը, պէտք որ առնւազն տարօրինակ դիտւի, և չեմ կարծում, թէ դա հիմք կհանդիսանայ, որպէսզի Թուրքիան այդ ճանապարհով առաջ մղի իր քաղաքական շահերը թուրք-իսրայէլական յարաբերութիւնների համատեքստում»,- ասաց նա:


ԱՅՍՕՐ, 15:46
Aysor.am

0 Պատգամ: