Հայերն Ախալցխայում բնակւել են

14-րդ դարից ի վեր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակոյթի նախարարութեան պատմամշակութային ժառանգութեան գիտահետազոտական կենտրոնի տնօրէն Յակոբ Սիմոնեանը խօսեց Վրաստանի Ախալցխա քաղաքում Երևման Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ ստեղծւած իրադրութեան մասին:
Բանախօսը նշեց, որ մարտ ամսին, ահազանգ ստանալով, որ Երևման Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում հողային աշխատանքներ են ընթանում, կենտրոնը արշաւախումբ է կազմակեպել` տեղում իրավիճակը աւելի հանգամանալից ուսումնասիրելու համար:
«Երևման Սուրբ Խաչ եկեղեցին յայտնի է եղել դեռևս 18-19-րդ դարի հետազոտողներին»,- նշեց Յակոբ Սիմոնեանը:
Ինչ վերաբերում է հողաշինական աշխատանքների արդիւնքին, ապա ըստ Յ. Սիմոնեանի, գտնւել են հայատառ արձանագրութիւններ:
«Խորանի արևելեան պատի մէջ` ներքուստ, շարւած էին 4 խաչքարեր, որոնցից 3-ն ունէին հայերէն արձանագրութիւններ»,- տեղեկացրեց Յ. Սիմոնեանը և յաւելեց, որ այդ խաչքարերի մէջ կարևորագոյնն այն խաչքարն էր, որի վրայ նշւած էր 1366 թւական:
Ըստ նրա, կարող ենք ասել, որ այդ վկայութիւնը առայժմ մեզ յայտնի գոյութիւն ունեցող ամենահնագոյնն է, որ փաստում է, որ այս տարածքում հայերը բնակւել են 14-րդ դարից ի վեր:
«Այն մտացածին տեսակէտը, որ Ախալցխայի շրջանը հայաբնակ չի եղել և այդտեղ միայն Կարնոյ գաղթից յետոյ են հաստատւել հայկական էթնիկ տարրերը, չի համապատասխանում իրականութեանը. այդտեղ եղել է հզօր հայկական համայնք, որն իր հետևից թողել է բազմաթիւ խաչքարեր և դրանից կարևորագոյնը Երևման Սուրբ Խաչի խաչքարերն են»,- ընդգծեց Յակոբ Սիմոնեանը:

ԱՅՍՕՐ, 15:08
Aysor.am

0 Պատգամ: