Հայաստանում մի քանի հարիւր ադրբեջանցի
կին գերինե՞ր կան

ադրբեջանական ֆանտազիա


12:50 • 08.06.10
Վերջերս Բելգրադում կայացած Սևծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական 35–րդ վեհաժողովում Ադրբեջանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցէին։ Այս մասին այսօր տեղեկացրեց ԱԺ պատգամաւոր Վարդան Խաչատրեանը, որը հայկական պատւիրակութեան կազմում է եղել։
Մասնաւորապէս, Ադրբեջանի պատւիրակութեան ներկայացուցիչը բացայայտ կեղծիքներ է հնչեցրել և ասել, որ Հայաստանում գերութեան մէջ են հարիւրաւոր ադրբեջանցի կանայք։ Խօսելով գենդերային հիմնախնդիրների մասին՝ նա բառացի ասել է. «Ի՞նչ ասենք այն կանանց մասին, որոնք գերութեան մէջ են գտնւում Հայաստանում»։
Սա, Խաչատրեանի բնութագրմամբ, անթափանց խաւարի մէջ ասւած ճերմակ սուտ է։ Դրանից յետոյ հայկական պաատւիրակութեան ներկայացուցիչները ձայնի իրաւունքն են խնդրել և ադրբեջանցիներից պահանջել են ներկայացնել Հայաստանում գերութեան մէջ գտնւող կանանց ցուցակը։
«Մենք որոշեցինք փաստաթղթային լեզւով խօսել նրանց հետ, պահանջեցինք ցանկ և ասացինք, որ այն կներկայացնենք Կարմիր խաչի միջազգային կոմիտէին։ Մենք ասացինք՝ եթէ նման գերիներ կան, Կարմիր խաչը թող պարզի, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտէի որևէ փատաթղթով նման տեղեկատւութիւն չկայ»,– ասաց պատգամաւորը։
Հայկական կողմի այս հաւափաստարկին ադրբեջանցիները չեն կարողացել պատասխանել և սկսել են շեղւել փաստից՝ հայկական կողմին մէկ այլ հարցադրում ներկայացնելով. «Եկէք պարզենք, թէ պատերազմն ով է սկսել»։
Ի պատասխան՝ Հայ պատգամաւորները յիշեցրել են, որ Հայ–ադրբեջանական պատերազմն սկսւել է Բաքւում հայերի կոտորածով։ Ըստ Խաչատրեանի, հայկական կողմի կոռեկտ պատասխաններից յետոյ ադրբեջանցիները շնորհակալութիւն են յայտնել հայերին նման վարքագիծ դրսևորելու համար։ Հայկական պատւիրակութեանը շնորհակալութիւն են յայտնել նաև Ռումինայի, Յունաստանի և Ուկրաինայի պատւիրակութիւնների ղեկավարները։
Խաչատրեանը յիշեց, որ նախորդ տարի նոյնպէս այդ վեհաժողովի շրջանակներում ադրբեջանական պատւիրակութեան անդամը հերիւրանքներ էր հնչեցրել հայերի հասցէին՝ նշելով, որ Ադրբեջանը հարիւր տոկոսով խմելու ջուր ստանում է Հայաստանից, որի մէջ հայերը թոյն են լցնում։

Tert.am

0 Պատգամ: