«Նոր սերունդ»-ը վրդովւած է Սաակաշվիլիի վերաբերմունքից


Սաակաշվիլին գռեհկօրէն հերքում է վիրահայոց նկատմամբ Վրաստանի կառավարութեան կոպտութիւններն ու խտրականութիւնները


15:33 • 14.06.10
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ֆրանսիա կատարած պաշտօնական այցի շրջանակում 2010թ. յունիսի 8-ին հանդէս է եկել Փարիզի քաղաքական գիտութիւնների ինստիտուտում «Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների աշխատանոց յետխորհրդային տարածքում» թեմայով զեկոյցով:
Միջոցառմանը ներկայ «Նոր Սերունդ» կազմակերպութեան ներկայացուցիչը ելոյթին յաջորդած հարցուպատասխանի ընթացքում Վրաստանի նախագահին հետևեալ հարցն է ուղղել. «ՄԱԿ-ի մարդու իրաւունքների կոմիտէի, Եւրախորհրդի, ֆրանսիական և եւրոպական դիտորդների, մի շարք ոչ-կառավարական կազմակերպութիւնների վերջին զեկոյցներում նշւում է, որ Վրաստանի հարաւում բնակւող ազգային փոքրամասնութիւնների և մասնաւորապէս Սամցխէ-Ջաւախք նահանգում բնակւող հայերի նկատմամբ խտրական քաղաքականութիւն է իրականացւում: Ի՞նչ կոնկրէտ քայլեր են ձեռնարկելու վրացական իշխանութիւնները կեանքի կոչելու համար ՄԱԿ-ի մարդու իրաւունքների կոմիտէի յանձնարարականները, որոնք պահանջում են ապահովել ազգային փորքամասնութիւնների առաւել լիարժէք ներկայացւածութիւնը Վրաստանի քաղաքական և մշակութային կեանքում»:
Ի պատասխան Վրաստանի նախագահը յայտարարել է. «Ես չգիտեմ, թէ ի՛նչ զեկոյցների մասին եք դուք խօսում, ձեր ասածը ճիշտ չէ, երբէք չեմ տեսել լուրջ կազմակերպութիւն, որը մեզ նման բաներ ասի»: Սաակաշվիլին նաև յայտարարել է, որ «հայերը Սամցխէ-Ջաւախքում շատ երջանիկ են իրենց վիճակով, նրանց 88%-ը նոյնիսկ քւէարկել է իմ օգտին վերջին նախագահական ընտրութիւնների ընթացքում և 87%-ը՝ իմ կուսակցութեան օգտին անցած ՏԻՄ ընտրութիւնների ընթացքում»: Սաակաշվիլին խորհուրդ է տւել «Նոր Սերունդի» ներկայացուցչին իր յիշատակած զեկոյցները «նետել աղբարկղը»:
«Նոր Սերունդ» կազմակերպութիւնը յայտարարում է, որ վրդովւած է Վրաստանի գործադիր իշխանութեան ղեկավարի վերաբերմունքից, որը բացայայտօրէն մերժում է ջաւախքահայութեան վիճակի վերաբերեալ իրական փաստերը: «Բաւականին իւրայատուկ է Վրաստանի նախագահի այն արտայատութիւնը, որ ՄԱԿ-ի և Եւրախորհրդի յանձնարարականները, այսինքն այն կազմակերպութիւնների, որոնց Վրաստանն անդամակցում է, պէտք է «դեն նետել»:
«Նոր Սերունդ»-ն իր յատուկ մտահոգութիւնն է արտայայտում ջաւախքահայութեան նկատմամբ իրականացւող խտրական քաղաքականութեան, Հայ քաղաքական ակտիւիստների և քաղաքական կազմակերպութիւնների դէմ իրականացւող հալածանքների, Վրաստանում մարդու իրաւունքների ոտնահարումների և ժողովրդավարութեան առկայ վիճակի կապակցութեամբ:

Tert.am

*** Լուսանկարի այս տեսքով երեւալը՝ թիւրիմացութեան արդիւնք չի։

0 Պատգամ: