Դրոգբան կխաղայ Պորտուգալիայի հետ

18:58 • 11.06.10
Կոտ-դ’Իվուարի հաւաքականի աւագ Դիդյէ Դրոգբան կը կարողանայ մասնակցել Պորտուգալիայի հետ հանդիպմանը:
Յիշեցնենք, որ մէկ շաբաթ առաջ Դիդյէն կոտրել էր ձեռքը, երբ բախւել էր Ճապոնիայի հաւաքականի պաշտպան Տուլիո Տանակային ընկերական հանդիպման ժամանակ: Սկզբում լուրեր էին պտտւում, որ «Չելսիի» յարձակւողը բաց կը թողնի աշխարհի առաջնութիւնը, սակայն արագ և որակեալ վիրահատութեան շնորհիւ` նա հնարաւորութիւն է ստացել օգնել իր թիմին:
Ենթադրւում էր, որ յունիսի 15-ին կայանալիք Պորտուգալիայի հետ հանդիպումը, այնուամենայնիւ, Դրոգբան բաց կթողնի, բայց թիմի մարզիչ Սվէն-Գորան Էրիքսոնը ցրել է այդ շշուկները:
«Եթէ խաղն այսօր կամ վաղը լինէր, ապա Դիդյէն չէր հասցնի լիովին վերականգնվել, Սակայն մեր մեկնարկային խաղը տեղի է ունենալու մի քանի օր անց, այնպէս որ, Դիդյէն, ամենայն հաւանականութեամբ, կը կարողանայ ներկայ գտնւել և օգնել իր թիմին»,– Էրիքսոնի խօսքերն է մեջբերում armsport.am–ը։
Աւելացնենք, որ բացի Պորտուգալիայից` G խմբում Կոտ-դ’Իվուարի հաւաքականի հակառակորդներն են Բրազիլիայի և ԿԺԴՀ հաւաքականները:

Tert.am

0 Պատգամ: