Անվտանգութիւնը շէնքերում

Արւել է նախատեսւածից քիչ


Երևանի բնակելի շէնքերի մուտքերում անվտանգութեան ապահովման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութիւնը 2009 թ-ին պէտք է իրականացնէր ներքին սարքաւորումների և հաղորդալարերի փոխարինմանն ուղղւած պիլոտային ծրագիր Երևանի արևմտեան հատւածում` Շէնգաւիթ, Շահումեան, Աջափնեակ, Դաւիթաշէն համայնքներում:
Հայաստանի մասշտաբով ամբողջ ծրագրային փաթեթը կազմում է 20 միլիարդ դրամ: Սակայն, ինչպէս Aysor-ին յայտնեց Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի ներդրումների բաժնի պետ Աբգար Բուդաղեանը, անցած տարի կատարւել են 12 մլրդ դրամի ներդրումներ. «Դա աւելի քիչ է, քան նախատեսւած էր»:
70 շէնքերում հաղորդալարերը մասնակի կամ ամբողջութեամբ փոխարինւել են, տեղադրւել են անվտանգութեան վահանակներ: Ա. Բուդաղեանի խօսքով, այս տարի արդէն իսկ 40 շէնքում աշխատանքներն արւած են, իսկ, ընդհանուր առմամբ, 2010-ին նախատեսւած է 600 միլիոն դրամի ներդրում անել: Ծրագրում ընդգրկւած է հանրապետութեան ողջ տարածքը:
Ընդ որում, մէկ բաժանորդի համար նախատեսւած ներդրումները կազմում են 20-25 հազար դրամ:
2009-ին նախատեսւած շէնքերի մուտքերում հաղորդալարերի և ներշէնքային սարքաւորումների փոխարինման ու արդիականացման աշխատանքների թերացումը «ՀԷՑ»-ից պատճառաբանեցին «գերակայ այլ խնդիրների» առկայութեամբ և միաժամանակ հաւաստեցին, որ «ծրագիրը կայ, արւելու է»: 2010 թ-ին ընկերութիւնը նախատեսում է այս աշխատանքների գծով զգալիօրէն աւելացնել ներդրումների ծաւալը:
Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմէն Պօղոսեանը մեզ զրոյցում նշեց, որ թէև «ՀԷՑ»-ի ներդրումային ծրագրով ֆինանսական միջոցներ են յատկացւում շքամուտքերում անվտանգութիւնն ապահովելու համար, սակայն, նրա գնահատմամբ` «մեր շքամուտքերը կարկատած ու շատ թերի են»: Նա յայտնեց, որ իրենք առաջարկել են ու հասցէներ են տւել ընկերութեանը, որտեղ առաջնահերթ պէտք է կարգի բերւեն էլեկտրահաղորդիչ գծերը, բայց «արդէն 6 տարի է, այդ աշխատանքը առաջ չի գնում»:
Յիշեցնենք, որ առևտրային հաշւառման համակարգերի կայացման նպատակով հաշւիչները բնակարաններից դուրս բերելուց յետոյ էլեկտրահաղորդալարերն անցնում են մուտքերով անկանոն և շատ տեղերում վիճակը ոչ այնքան անվտանգ է:
Անվտանգութեան տեսանկիւնից բնակելի շէնքերում պէտք է մուտքերի բաշխիչ վահանների դողերը սնող մալուխների իրանները փակել մեկուսիչ չհրկիզւող նիւթով, մուտքերի վնասւած և բարոյապէս մաշւած բաշխիչ վահանները փոխարինել նորով, բաշխիչ վահանների և հաշւիչ սարքերի արկղերի վրայ տեղադրել փականներ, հաշւիչ սարքերից բնակարաններ գնացող հաղորդալարերը փակել չհրկիզւող մեկուսիչ պատեաններով կամ այն անցկացնել մեկուսիչ փողովակներով, բոլոր մետաղական արկղերի և էլեկտրական սարքաւորումների իրանները հողանցել, բնակարանների էլեկտրական սնուցումը իրականացնել աւտոմատ անջատիչների միջոցով:

ԱՅՍՕՐ, 20:35
Aysor.am

0 Պատգամ: