Վ. Յովհաննիսեան.-

«Թուրք-իսրայէլական հակամարտութիւնը անկեղծ է»


Թուրք-իսրայէլական վերջին զարգացումներին` լրագրողների խնդրանքով, անդրադարձաւ նաև ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, ով նշեց, որ այդ զարգացումերը հիմնւած են և կարող են հիմնւած լինել 2 հիմնախնդրի վրայ:
«Առաջին` թուրք-իսրայէլական հակամարտութիւնը անկեղծ է, իսկապէս առաջացել է և կամաց-կամաց հասունացող հակասութիւնների պորթկումն ու արտացոլումն է,երկրորդ` Պաղեստինեան ազատագրական շարժումն իր երկու բաղադրիչերով` «ՖԱԹՀ» կամ «ՀԱՄԱՍ» և, ընդհանրապէս, արաբական աշխարհում գոյութիւն ունեցող ազատագրական` իսլամական շարժումները հանել Իրանի ազդեցութեան տակից և տարածաշրջանում այդ շարժումների համար նոր դրօշակակիր նշանակել, որը կը լինի Թուրքիան»,- մանրամասնեց Վ. Յովհաննիսեանը:
Հիմնաւորելով որպէս նոր առաջնորդ` Թուրքիայի ընտրութիւնը` պատգամաւորը նշեց նաև, որ ինքը չի կարծում, թէ «արաբական իսլամիստներն այնքան անհեռատես մարդիկ են, որ այսքանը չհասկանան»: Միևնոյն ժամանակ նա նշեց, որ թուրք-իսրայէլական հակասութիւնը պայմանաւորւած է նաև Թուրքիայի քաղաքականութեամբ:
«Մենք չպէտք է մոռանանք, թէ վերջին տարիներին Թուրքիան ինչպիսի քաղաքական կուրս է ընտրել` «0 պրոբլեմներ հարևանների հետ», այսինքն` քաղաքական մեկանաբանութեամբ` դա նշանակում է «0 հարևաններ», որովհետև Թուրքիան միշտ էլ իր հարևանների հետ պրոբլեմներ ունեցել է»,- ընդգծեց Վ. Յովհաննիսեանը:
Ըստ խմբակցութեան ղեկավարի` վերջին տասնամեակների հակամարտութիւնները տեղի են ունենում նախկին Օսմանեան կայսրութեան սահմանների մօտ, որովհետև «յետ քաշւելով` Օսմանեան կայսրութիւնը թողել է այնպիսի պայթիւնավտանգ օջախներ, որոնք ժամանակ առ ժամանակ պայթում են»:
«Ի՞նչ է ասել` «0 պրոբլեմներ հարևանների հետ», այն, որ հարևաններդ պէտք է այնքան զրօ լինեն, որ դու ոչ մի պրոբլեմ հետները չունենաս, և Հայ-թրքական յարաբերութիւնների հիման վրայ մենք տեսնում ենք, որ Թուրքիան հէնց այդպէս էլ անում է»,- յայտնեց Վ. Յովհաննիսեանն ու ամփոփելով իր խօսքը` ընդգծեց. «Սա նշանակում է, որ Թուրքիայի համար բաւականին կարևոր գօտում կայ մի երկիր, որին «0» դարձնելն, իսկապէս, դժւար է»:


ԱՅՍՕՐ, 17:43
Aysor.am

0 Պատգամ: