Ճիշտ մակնշւած ձու կայ միայն Պօղոսեանի չհրկիզւող պահարանում...


Ամռան ընթացքում ժամկէտնանց պաղպաղակի և ձւի կիրառման մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խօսեց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմէն Պօղոսեանը:
Ըստ նրա դիտարկման` շուկայում կասկածելի ծագմամբ և պիտանելիութեան ժամկէտի խախտումներով սնունդը կազմում է 80 տոկոս: Նա նշեց, որ փորձի համար պատահական խանութից գնել են 2 պաղպաղակ, որոնցից մէկի վրայ ժամկէտ ընդհանրապէս չի եղել, միւսի վրայ եղել է միայն պահպանման ժամկէտը, սակայն արտադրմանը օրը նշւած չի եղել: Նրա խօսքերով, այս երևոյթը համատարած բնոյթ է կրում:
Նշենք նաև, որ ըստ մասնագէտի, փողոցում «լցնովի» պաղպաղակի վաճառքը խստիւ արգելւում է, թոյլատրելի է միայն սրճարաններում կամ յատուկ վայրերում:
Արմէն Պօղոսեանը կարծում է, որ Հայաստանում չկայ նաև ճիշտ մակնշւած ձւի վաճառք. «Պատշաճ մակնշւած ձու կայ միայն մի տեղ. դա «Սպառողների ասոցիացիայի» գրասենեակի չհրկիզւող պահարանն է»:
Նա նշեց, որ խանութում վաճառւող ձւերի վրայ գրւած ամէն ինչ կայ` «հիերոգլիֆներ, ռեբուսներ, անհասկանալի շտամպեր, սակայն չկայ ամենակարևորը` արտադրման և պահպանաման ժամկէտը»:
«Սպառողների ասոցիացիայի» նախագահը կոչ է անում բոլորին` ամէն անգամ սնունդ գնելիս` չզլանալ և նայել ժամկէտին, խախտում արձանագրելու դէպքում` յաջորդ անգամ այդ նոյն խանութից առևտուր չանել, նաև զանգահարել կա’մ Սպառողների ասոցիացիայ, կա’մ սննդի որակի տեսչութիւն:

16.06.2010, 16:48
Aysor.am

0 Պատգամ: