Զէյթունի Աւետարանի առաջին եօթ էջերը՝ դատաքննութեան առարկայ

Յունիս 15, 2010 15:32
Միջնադարեան Հայ մեծագոյն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի նկարազարդումներով Զէյթունի հանրայայտ Աւետարանը, որ ստեղծւել է 1256 թւականին, ներկայումս պահւում է Երեւանի Մաշտոցի անւան Մատենադարանում։
Դրա առաջին եօթ էջերը, սակայն, գտնւում են Լոս Անջէլեսի «Փոլ Գետտի» թագարանում եւ 1994 թւականից հանդիսանում են նոյն այդ թանգարանի սեփականութիւնը. Glendale News-Press-ի տեղեկացմամբ Աւետարանի պոկւած էջերը թանգարանը ձեռք է բերել մասնաւոր հաւաքածուից։
Ըստ «Asbarez» թերթի, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Արեւմտեան թեմը, որին մի ժամանակ պատկանել է Զէյթունի Աւետարանը, դատական հայց է ներկայացրել «Փոլ Գետտի» թանգարանի դէմ` պահանջելով յետ վերադարձնել ձեռագրի առաջին եօթ էջերը։
Ինչպէս NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Երեւանի Մաշտոցի անւան Մատենադարանի աւագ ձեռագրապահ Գէորգ Տէր-Վարդանեանը, Աւետարանի էջերը պոկւել եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներ են հասել Հայոց Ցեղասպանութեան տարիներին։ «Ձեռագրի էջերը պոկւել են Եղեռնի տարիներին, իսկ ընդհանրապէս, Աւետարանը Մատենադարանում պահպանւում է 1969 թւականից»,- տեղեկացրեց աւագ ձեռագրապահը՝ աւելացնելով, որ Լոս Անջէլեսի «Փոլ Գետտի» թանգարանը, ի պատասխան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Արեւմտեան թեմի պահանջի՝ յետ վերադարձնել ձեռագրի առաջին եօթ էջերը, պնդում է, որ թանկարժէք նմուշը ձեռք է բերել անհատ կոլեկցիոներից եւ պարտաւոր չէ այն ինչ-որ մէկին զիջել։
Ամփոփելով՝ Գէորգ Տէր-Վարդանեանը, թէպետ դժւարացաւ ասել, թէ որքան երկար կարող է ձգւել դատական գործընթացը, սակայն յոյս յայտնեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայցն, այնուամենայնիւ, կբաւարարւի։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: