ՀՅԴ–ն ձգտում է իշխանափոխութեան

17:58 • 07.06.10
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանն այսօր հրաւիրւած ասուլիսի ժամանակ ներկայացրեց յունիսի 4–6–ը Աղաւնաձորում կայացած ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան 15–րդ Գերագոյն ժողովում ընդունւած իրենց նպատակները, որոնք, ինչպէս արդէն տեղեկացրել ենք, 4–ն են։ Ռուստամեանը յայտարարեց, որ Հայաստանում պէտք է ձևաւորւի նոր իշխանութիւն։
«Որպէս չորրորդ խնդիր՝ մենք դնում ենք այն հարցը, որը պէտք է հիմնական միջոցը հանդիսանայ այս հարցերը լուծելու համար՝ Հայաստանում պէտք է ձևաւորւեն նոր իշխանութիւններ։ Այս իշխանութիւններն անընդունակ են այս բոլոր խնդիրները լուծել, սա փաստ է արդէն։ Դրա համար պէտք է ստեղծւեն համապատասխան պայմաններ, նախադրեալներ՝ իշխանութիւնները փոխելու և նոր որակի իշխանութիւն Հայաստանում ձևաւորելու համար։ Այնպիսի իշխանութիւն, որը կկարողանայ իրականացնել իսկապէս սահմանադրօրէն ամրագրւած նորմը, որն անփոփոխ է։ Այսինքն, մենք այդ իշխանութիւնների միջոցով ունենանք թէ՛ ինքնիշխան, թէ՛ ժողովրդավար, թէ՛ իրաւական, թէ՛ սոցիալական պետութիւն»,– յայտարարեց նա։
Ռուստամեանը շեշտեց, որ հէնց իրենք պէտք է գան իշխանութեան, որպէսզի կարողանան իրականացնել իրենց ծրագրերն ու նաև շտկեն նախկինում արած կիսաքայլերը։ «Եթէ Դաշնակցութիւնը չեկաւ իշխանութեան, այս բաներն էլի կիսատ–պռատ են լինելու։ Ով էլ գայ բացի Դաշնակցութիւնից, սա չի անելու։ Դրա համար մենք՝ որպէս ընդդիմութիւն, բնականաբար իշխանութեան գալու խնդիր ենք դնում»,– յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
«Հաշւի առնելով, որ իրական իշխանափոխութիւն, նոր իշխանութիւն ձևաւորելու համար մեզ պէտք է հասարակութեան համախմբում և հասարակութեան գերակշիռ մասի կողմից նման առաջնահերթութեան գիտակցում, պէտք է հասկանալ, որ մեր գնահակատանը հետևեալն է. այս իշխանութիւնն ի վիճակի չէ լուծել թէ՛ սոցիալական, թէ՛ տնտեսական, թէ՛ արտաքին քաղաքականութեան խնդիրները։ Մեր առաջնահերթութիւնն է մինչև առաջիկայ ընտրութիւններ յստակ մեր ազգաբնակչութեանը, մեր քաղաքացիներին ցոյց տալ, որ այս իշխանութիւններն իրականում այլևս ի վիճակի չեն որևէ խնդիր լուծել, և անհրաժեշտ է նոր իշխանութիւն»,– իր հերթին յայտարարեց ՀՅԴ ԳՄ կազմի նորընտիր անդամ, ՀՅԴ պատգամաւոր Արա Նռանեանը։
Ինչ վերաբերում է իշխանութիւնները փոխելու արտահերթ կամ հերթական ընտրութիւնների միջոցով հարցին, Արմէն Ռուստամեանը շեշտեց. «Մենք ուզում ենք ընտրութիւնների միջոցով իշխանութիւնը փոխել, դա է ճիշտ ճանապարհը։ Ցնցումների միջոցով իշխանութեան փոփոխութիւնը միշտ վտանգաւոր է, վնասակար է, մանաւանդ այն դէպքում, որ այսօր Հայաստանը չաւարտւած պատերազմի վիճակում է»։
Արմէն Ռուստամեանը, միաժամանակ, նշեց, որ որպէս քաղաքական ուժ իրենք միշտ պատրաստ են ընտրութիւնների։

Tert.am

0 Պատգամ: