Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը և Ադրբեջանը՝ որպէս սահմանակից պետութիւններ

«Խորհրդարանական պատւիրակութիւնների կամ անհատ խորհրդարանականների այցելութիւնները ԼՂՀ մշտապէս, տարբեր ձևաչափերով, պարբերական բնոյթ են կրել և, ժամանակի ընացքում, դրանք աւելի են ակտիւացել և որոշակի առումով` գործնական այցերի են վերածւել»,- անդրադառնալով այն հարցին, թէ ինչո՞վ է պայմանաւորւած այն փաստը, որ վերջին ժամանակներս արտասահմանեան խորհրդարանական պատւիրակութիւնների այցերը դէպի Արցախ սկսել են առաւել ինտենսիւ բնոյթ են կրել՝ Aysor-ի հետ զրոյցում նշեց ԱԺ պատգամաւոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարեանը:
Նրա խօսքերով, դա կապւած է, ինչպէս հայկական սփիւռքի լոբբիստական աշխատանքի, այնպէս էլ Հայաստանի արտաքին քաղաքականութեան համահռչակման հետ:
«ԼՂ հիմնախնդրի կարգաւորման ճանապարհները յստակօրէն մարդու և ժողովուրդների իրաւունքների դաշտում ներկայացնելը և նշեալ դաշտում այդ շահերն ամրապնդելը խնդրի էութիւնն ու բովանդակութիւնն ընկալելի դարձրեցին: Կարծում եմ, որ շատ խորհրդարանականներ նաև այս հարթութեան վրայ են փորձում իրենց այցելութիւններով հիմնաւոր պատկերացում կազմել ԼՂՀ-ի որպիսութեան, նրա զարգացման հնարաւորութիւնների՝ մարդու իրաւունքների, ժողովրդավարական ինստիտուտների, ընտրական գործընթացների վերաբերեալ»,- ասաց Ա. Զաքարեանը:
Նրա խօսքերով, իւրաքանչիւր անգամ, ի ուրախութիւն բոլորիս, Արցախը կարողանում է ապացուցել և հիմնաւոր կերպով ներկայացնել այն փաստը, որ ազատ ինքնորոշման իրաւունքն այլընտրանք չի կարող ունենալ և անձի, քաղաքացու իրաւունքներն ու ազատութիւնները նաև այս համատեքստում պէտք է առաջնային դիտւեն:
«Երբ մենք խօսում ենք իրաւունքներից և ազատութիւններից, եւրոպացի խորհրդարանականներն աւելի լաւ են ընկալում, քան այն դէպքում, երբ Ադրբեջանը խօսում է տարածքային ամբողջականութիւնից, քանի որ այդ սկզբունքը պարունակում է մի շարք վիճելի դրոյթներ, իսկ ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքը վիճարկման ենթակայ չի»,- ասաց խորհրդարանականը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԼՂՀ այցելած պատւիրակութիւններն Ադրբեջանում «անցանկալի անձ են» հռչակւում՝ Ա. Զաքարեանը նշեց. «Դա, բնականաբար, խօսում է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականութեան մասին: Բաքուն ժամանակի ընթացքում պէտք է իր մէջ ուժ գտնի` հաշտւելու այն հանգամանքի հետ, որ ԼՂՀ-ն այսուհետ իր համար պէտք է դիտարկւի որպես սահմանակից պետութիւն»:

ԱՅՍՕՐ, 17:44
Aysor.am

0 Պատգամ: